Գլխավոր / Հայաստան / «Կգա Նաիրի Հունանյանը». Բրյուսովի համալսարանի նախկին ռեկտորի կանխատեսումը

«Կգա Նաիրի Հունանյանը». Բրյուսովի համալսարանի նախկին ռեկտորի կանխատեսումը

Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ճշգրիտ է գործում. եթե նա գնար Բաղրամյան 26 և ժողովրդի ճնշման տակ նստեր նախագահական աթոռին, դա չէր լինի իրական հաղթանակ: Այսօր Ազատության հրապարակի հերթական քննարկմանը նման կարծիք է հայտնել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքով՝ պետք է հասնել հիմնարար հաղթանակի, ձևավորել մեխանիզմ, որը կկանխի ընտրական իրավունքի ոտնահարումն ապագայում:

««Իշխանություն» բառի հիմքում ընկած է իրավունք բառը, ոչ թե կառավարիչ: Եթե իշխանությունը ժողովրդի ձայնով չէ ձևավորվել, ապա դա  ռեժիմ է, այն էլ՝ օկուպացիոն:  Պատկերացրեք՝ ես մարդ եմ վարձում, որ իմ տունը մաքրի, նա թալանում է ունեցվածքը և տունը վաճառում»,- ասել է Զոլյանը:

Բանախոսը բացառել է, որ ժողովրդական շարժումը կարող է ճնշվել:

«Եթե կարծում են, թե, այս շարժումը ճնշելով, կարող են հասնել այլ արդյունքների, սխալվում են: Կգա Նաիրի Հունանյանը: Եթե մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ստեղծել պատմաբանների հանձնաժողով` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, ի՞նչ դժվար է հանձնաժողով ստեղծենք և հաշվենք քվեաթերթիկները»,- ասել է Զոլյանը:

ԵՊԼՀ նախկին ռեկտորը նաև հայտարարել է, որ ԵՊԼՀ-ից իրեն հեռացնելու պատճառը եղել է այն, որ ինքը դեմ է եղել համալսարանի շենքը վաճառելուն և ԵՊԼՀ-ն Մանպավարժական համալսարանին միացնելուն:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը յուրահատուկ պատկերացում ունի բարձրագույն կրթության մասին և կարծում է, որ պետք է 5 համալսարան լինի Հայաստանում»,- ասել է Զոլյանը:

Ըստ նրա՝ համալսարանի շենքը մինչ այժմ չի վաճառվել, քանի որ դրա արտասահմանցի գնորդը հրաժարվել է գործարքից՝ իմանալով, որ այն արժենալու է համալսարաններից մեկի  փակվելուն:

«Գտնվել է այժմ տեղացի գնորդ, սակայն դեռ անուններ չեմ կարող հրապարակել, ինձ պարզապես լուրեր են հասել»,- ասել է Զոլյանը:

Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը ռեկտորի պաշտոնից հեռացվել էր 2012 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից երկու նկատողություն ստանալու հետևանքով: Աշոտյանի որոշումը Զոլյանը վիճարկում է դատարանում:

Ազատության հրապարակում նա առաջին անգամ ելույթ է ունեցել մարտի 15-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:

«Հայկական ժամանակ» թերթի հարցին՝ ի՞նչը ստիպեց նրան ելույթ ունենալ Ազատության հրապարակում, մինչդեռ 2008-ին ինքն անձամբ էր վերահսկում, որ ուսանողները չմասնակցեն հանրահավաքներին, Զոլյանը պատասխանել էր, որ 2008 թվականին «բոլորովին այլ իրավիճակ էր»:

Հարցին՝ եթե ռեկտոր լիներ, այսօր կգնա՞ր հրապարակ, Զոլյանը պատասխանել էր. «Եթե-ներով չխոսենք: Փաստն այն է, որ ես ինձ համարում եմ ռեկտոր, ուղղակի՝ հարկադիր պարապուրդի մեջ գտնվող»: