Home / Հայաստան / «Երկիրը Դինքին չի մոռացել». Թուրքիայում սպանված հայազգի զինվորի վճիռը բողոքարկում են

«Երկիրը Դինքին չի մոռացել». Թուրքիայում սպանված հայազգի զինվորի վճիռը բողոքարկում են

2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված շարքային Սևակ Շահին Բալիքչիի ընտանիքը որոշում է կայացրել բողոքարկել դատարանի վճիռը, համաձայն որի Դիարբեքիրի ռազմական դատարանը երկու օր առաջ Բալիքչիի վրա կրակած Քիվանչ Աղաօղլուին դատապարել էր 4 տարվա և 5 ամվսա ազատազրկման: Դատարանը Աղաօղլուի գործողություններում միտում չէր տեսել՝ կրակոցը համարելով անզգուշության և պատահականության հետևանք: Դատարանում Աղաօղլուն նշել է, որ ինքը զենքը Բալիքչիի վրա «կատակով է պահել»:

Սպանված զինվորի ընտանիքն ու փաստաբանները վստահ են, որ կատակի մասին խոսք լինել չի կարող, և սպանությունն իրականացվել է էթնիկ հողի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ դա տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին:

Բալիքչիի ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեղադրել է դատախազին, ով սպանությունը «պատահականություն է» համարել:Փաստաբանը նշել է, որ միտումն Աղաօղլուի գործողություններում ակնհայտ է, այդ իսկ պատճառով պաշտպանական կողմը դիմում է Վերաքննիչ դատարան:

Ասուլիսին ներկա է եղել նաև Սևակի մայրը՝ Անի Բալիքչին (լուսանկարում), ով նույնպես պնդել է, որ իր որդուն սպանել են հայ լինելու համար միայն:

Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, Թուրքիայում գործող Ի համերաշխություն ճնշումների ենթարկված մարդկանց և մարդու իրավունքների ասոցիացիայի (MAZLUM-DER) Դիարբեքիրի գրասնեյակի տնօրեն Աբդուրահիմ Այը նշել է, որ դատարանի որոշումը կայացվել է առանց լիարժեք քննության:

Այը հիշեցրել է, որ դատաքննության ընթացքում դեպքի մի քանի ականատեսներ հաստատել են, որ հայազգի զինվորի վրա միտումնավոր են կրակել: Իրավապաշտպանն ավելացրել է, որ «դատարանը հիասթափեցրեց ինչպես Բալիքչիի ընտանիքին, այնպես էլ դատավարությանը հետևող մարդկանց»:

Այը նաև ընդգծել է, որ թուրքական բանակում հաճախ են դեպքեր գրանցվում, որոնց զոհեր ազգությամբ քուրդ կամ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են:

Քրդամետ «Խաղաղություն և Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունչելը երեկ դեպքի մասին խոսել է Թուրքիայի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Պատահական չէ, որ տարբեր միջադեպերի հետևանքով թուրքական բանակում մահանում են քրդեր, ալեվիներ կամ հայեր: Մենք տեսնում ենք ռասիզմի և ազգայնամոլության արդյունքները: Այս երկիրը չի մոռացել Հրանտ Դինքին: Այն, ինչ տեղի ունեցավ Սևակ Բալիքչիի հետ նույն իրավիճակի մեկ այլ դրսևորումն է: Թուրքիան պարտավոր է երկրում հասարակական խաղաղություն ապահովել»,- ասել է կին պատգամավորը:

Լուսանկարը՝ Today’s Zaman