Home / Հայաստան / Արոնյանը հաղթեց, հիմնական մրցակիցները հետ չմնացին

Արոնյանը հաղթեց, հիմնական մրցակիցները հետ չմնացին

Երեկ Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում երեք առաջատարները հաղթանակներ տոնեցին: Հայաստանցի Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, ռուսատանցի Վլադիմիր Կրամնիկը առավելության հասավ իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Ամենից երկարը ձգվեց նորվեգացի Մագնուս Կառլսենի և իսրայելցի Բորիս Գելֆանդի պարտիան: Կառլսենը վերջնախաղում երկու զինվորի առավելություն ստացավ և իրացրեց այն 48-րդ քայլին:

Այսպիսով, տարբերությունը երեք առաջատարների միջև պահպանվեց: Կառլսենը 7 միավորով առաջին հորիզոնականում է, Արոնյանը նրան զիջում է կես միավոր, իսկ Կրամնիկը, իր հերթին, կես միավոր հետ է հայաստանցի գրոսմայստերից: Այսօր Արոնյանը սևերով մրցում է ռուսաստանցի Պյորտ Սվիդլերի հետ, Կրամնիկը սպիտակներով խաղում է Ռաջաբովի դեմ, իսկ Կառլսենը սև ֆիգուրներով՝ Գրիշչուկի դեմ: