Home / Հայաստան / Հաշվի առնելով ավանդն անկախացման գործում. 20,5 մլն դրամ՝ Հայրիկյանի բուժման համար

Հաշվի առնելով ավանդն անկախացման գործում. 20,5 մլն դրամ՝ Հայրիկյանի բուժման համար

Այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությունը հատկացնելու է 20,5 միլիոն դրամ 2013 թվականի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: Այս մասին այսօր որոշում է կայացվել ՀՀ Կառավարության նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ Հայրիկյանի վրա մահափորձ էր իրականացվել հունվարի 31-ին: Մահափորձը պատվիրելու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Որոշման հիմնավորման մեջ ասված է, որ դրա ընդունման համար հիմք է հանդիսացել այն, որ Հայրիկյանը մեծ ավանդ է ներդրել Հայաստանի անկախացման գործում:

«Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով», – ասված է որոշման հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ Հայրիկյանը օգնություն ստանալու պատրաստակամության մասին հայտարարել էր մի քանի օր առաջ:

«Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում՝ ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատվելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, և նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը», – մարտի 25-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայրիկյանը: