Home / Տեսանյութեր / Ոստիկանությունն իր տարածքը սեփականության իրավունքով չի հատկացնում. պարզաբանում

Ոստիկանությունն իր տարածքը սեփականության իրավունքով չի հատկացնում. պարզաբանում

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գտնում է, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի կողմից «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության մասին տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ թերթը գրել էր, որ այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ոստիկանթյունն իրեն ամրակցված տարածքներից մեկը տրամադրելու է մայրաքաղաքում արագաչափ սարքերի ու տեսախցիկների տեղադրմամբ ու սպասարկմամբ զբաղվող ընկերությանը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկին:

Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ «տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենևին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք ևս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը և հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման և շահագործման համար»:

Ճանապարհային ոստիկնությունը միաժամանակ տեղեկացնում է, որ «վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70%-ը «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի հանդիսանում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը»: