Home / Տեսանյութեր / Թուրքիան սառեցրել է Երևան-Վան չվերթի իրականացումը

Թուրքիան սառեցրել է Երևան-Վան չվերթի իրականացումը

Հինգշաբթի օրը Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը: Այդ մասին հաղորդում է «Նարեկավանք Տուր» ընկերությունը:

Չվերթը նախատեսվում էր իրականացնել այս տարվա ապրիլի 3-ից` հայաստանյան «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից:

«Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը», – ասված է «Նարեկավանք Տուր»-ի հայտարարության մեջ:

Ընկերոթյունը նշում է, որ «կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում»:

«Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը», – ասված է հաղորդագրության մեջ: