Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է ծոմը և սկսում պատրաստվել ապրիլի 9-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է ծոմը և սկսում պատրաստվել ապրիլի 9-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլ անող ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի՝ Սուրբ պատարագից հետո, ավարտելու է ծոմը: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած հանրահավաքին: Հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ընդունել են երկարատև ծափահարություններով:

«Ավարտելու եմ և առանց ընդմիջման, առանց չակերտյալ կազդուրման, ձեր հետ, հայ ժողովրդի և ազգային փոքրամասնությունների, Արցախի և Սփյուռքի հետ միասին  պատրաստվելու ենք ապրիլի 9-ին», – ասել է Հովհաննիսյանը ու հավելել՝ «ինձնից այդքան շուտ չեք պրծնելու»:

Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ վաղը տեր Գրիգորը ճրագալույսի պատարագից իրեն հաղորդություն կբերի, իսկ կիրակի առավոտյան ինքը երախտագիտութան խոսք կասի, որից հետո կգնա եկեղեցի ու այդ օրը կանցկացնի ընտանիքի հետ:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է ապրիլի 1-ից 4-րսն ընկած ժամանակահավածի ծրագրերը:

«Ապրիլի 1-ին թե մեռելոց է, թե ծիծաղի տոն է: Հայ ժողովուրդը վաղուց սովորել է մահվան երեսի վրա պարել: Եվ այդ օրը թե պիտի հիշենք մեր մեծերին, ազատամարտիկ զինվորներին, թե պիտի ծիծաղենք, ուժեղանանք: Գործի ենք անցնելու՝ Հայաստանում մեր քաղաքացիական մեծ բանակը հավաքելու ապրիլի 9-ի համար»,- ասել է Հովհաննիսյանն ու ընթերցել մարզային հերթական այցելությունների ժամանակացույցը.

Ապրիլի 1՝ Կապան, Գորիս, Սիսիան, Եղեգնաձոր, Արարատ, Գոռավան, Արտաշատ:

Ապրիլի 2՝ Եղվարդ, Ուջան, Թալին, Արթիկ, Գյումրի, Արմավիր, Էջմիածին:

Ապրիլի 3՝ Աբովյան, Նոր Հաճն, Մարտունի, Սևան, Իջևան, Բերդ:

Ապրիլի 4՝ Նոյեմբերյան, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ապարան, Աշտարակ:

«Ակնկալում եմ մեր ոստիկանների համագործակցությունը և մեր անվտանգության ապահովումը բոլոր կանգառներում», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 5-ին, կայանալու է հերթական հաղթահավաքը, որի ընթացքում որոշվելու է՝ ինչպես ծրագրել ապրիլի 9-ը, որտեղ հավաքվել և որ ժամին:

«Իմ խոսքի տերը լինելու մեջ որևէ փոփոխություն չկա, ես ձեզ հետ միասին պատրաստ եմ մեռնել, բայց նախընտրաբար ապրել՝ Հայաստանի, մեր ապագայի համար», – եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը: