Home / Հայաստան / «Արմավիան» Ռուսաստանին 54,2 միլիոն ռուբլի է պարտք

«Արմավիան» Ռուսաստանին 54,2 միլիոն ռուբլի է պարտք

«Արմավիա» ավիաընկերությունը ռուսաստանյան ընկերություններին և գերատեսչություններին 54,2 միլիոն ռուբլու չափով (մոտ 1.8 մլն դոլար) ժամկետանց պարտքեր ունի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Ռոսավիացիայի մամուլի հաղորդագրությանը:

Գումարի մեծ մասը` 44,3 մլն ռուբլի, ավիաընկերությունը պարտք է «Վնուկովո» օդանավակայանին, ևս 1 մլն ռուբլի «Արմավիան» պարտք է «Սոչի» և «Կրասնոդար» օդանավակայաններին: Բացի այդ, «Արմավիա»-ն ընթացիկ տարվա հունվարին ավիանավիգացիոն սպասարկման համար Ռոսավիացիային պարտք է 288 հազար դոլար (ավելի քան 8,9 մլն ռուբլի):

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիա»-ն հայտարարել է, որ ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները և սկսում սնանկության գործընթացը: Ընկերությունն իր պաշտոնական հայտարարության մեջ նշել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ավիաընկերությունը աշխատել է իր սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի՝ այլ բիզնեսներից ստացված գումարների հաշվին, իսկ նման կերպ այլևս շարունակել չի կարող: