Home / Հայաստան / «Ա1+»-ը չի քաղաքականացվի, վստահ է ընտրություններին մասնակցող տնօրենը

«Ա1+»-ը չի քաղաքականացվի, վստահ է ընտրություններին մասնակցող տնօրենը

Այսօր լրանում է 11 տարին, ինչ «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվել է եթերից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը ասել է, որ տարիների ընթացքում հեռուստաընկերության խնդիրները չեն փոխվել, թեև ինքը հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի օրոք բարեփոխումներ լինելու են:

«Քոչարյանի օրոք մեր ժողովուրդը դաժան տարիներ ապրեց: Նա, ցավոք, առաջիններից էր, ով հասկացավ ԶԼՄ-ների դերի կարևորությունը և մեր վրա դրեց պետության դավաճանի պսակը: Սարգսյանի օրոք բարեփոխումը իմիտացիոն բնույթ կրեց: Փոխվեց ԶԼՄ-ների հետ վարվելու ստրատեգիան, գնաց դեպի մոնոպոլիզացիա»,- ասել է Մովսեսյանը:  Նրա խոսքով՝ «գիշատիչը փոխվել է իր անձնական շահի մասին մտածողով»:

Նա անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» դաշինքի ցուցակում իր ընդգրկվելուն:

Մովսեսյանն ասել է, որ իր համար մեծ անակնկալ էր դաշինքի ցուցակի երրորդ տեղը լինելը: «Այս ցուցակը կապ չունի «Ժառանգություն» կուսակցության հետ, սա «Բարև Երևան» դաշինքի ցուցակն է, և իմ դրանում լինելը չի կարող որևէ կերպ քաղաքականացնել «Ա1+»: Ես ոչ միայն «Ա1+»-ի տնօրենն եմ, այլև անձ եմ, ով ունի քաղաքացու իրավունքներ», – ասել է Մովսեսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մեջ նա կարևոր է համարում այն «չհանգեցնեն», քանի որ այդ դեպքում ժողովուրդը նորից կհիասթափվի:

«Ուզում եմ, որ որևէ շարժում, որ ծնվում է, չմեռնի»,- ասել է Մովսեսյանը: