Home / Տեսանյութեր / Քաղաքապետարանը դեմ է Ջրվեժում հանքի շահագործմանը. նախարարությունում մտածում են

Քաղաքապետարանը դեմ է Ջրվեժում հանքի շահագործմանը. նախարարությունում մտածում են

Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովը բացասական գնահատական է տվել Ջրվեժի մոտ հանքի շահագործման նախագծին: Այս մասին Epress.am-ի հետ զրուցյում հայտնել է  հանձնաժողովի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նման որոշման պատճառն այն է, որ հանքը գտնվում է Երևանին շատ մոտ բնակավայրում: Բացի դա, քաղաքի օդի աղտոտվածությունը առանց այն էլ բարձր է՝ նորմալից 9-10 անգամ: Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքի տարածքում շահագործվում է 29 հանք, ինչը շատ է Երևանի նման փոքր քաղաքի համար:

Հիշեցնենք, որ Ողջաբերդի անդեզիտաբազալտային հանքավայրի շահագործման նախագիծը ներկայացրել է «Վարդենիսի քարհանք վարչություն» ընկերությունը: Առաջին հանրային լսումները անցկացվել են մարտի սկզբին:

Դանիելյանի խոսքով՝ քաղաքապետարանի որոշումը կարևոր փաստարկ է  նախարարության համար, սակայն պարտադիր չէ, որպեսզի նախարարությունը մերժի հանքի շահագործման արտոնագիր տալ՝ հիմնվելով միայն քաղաքապետարանի որոշման վրա:

Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գործընթացը շարունակվում է:

«Դա երկար գործընթաց է: Մեր մասնագետները պետք է փորձաքննություն անցկացնեն, նոր հանրային լսումներ: Այսինքն՝ դեռ վաղ է ասել՝ հանքը կգործի, թե՝ ոչ»,- ասել է Հակոբյանը: