Գլխավոր / Հայաստան / Ինչո՞ւ է հայագետը շարունակում վտանգավոր մնալ Հայաստանի համար

Ինչո՞ւ է հայագետը շարունակում վտանգավոր մնալ Հայաստանի համար

Այսօր առավոտյան ֆրանսահայ ազգաբան, հայագետ, 70-ամյա Ալեքսանդր Վարպետյանը 11 տարվա ընդմիջումից հետո փորձել է մուտք գործել Հայաստան, սակայն նրան «Զվարթնոց» օդանավակայանում  մեկուսացրել են Ազգային անվտանգության ծառայության աշպատակիցները:

ԱԱԾ-ից Epress.am-ին հայտնել են, որ Վարպետյանին Հայաստանի Հանրապետություն մուտքը արգելվել է 2002 թվականին՝ համաձայն արտասահմանցիների մասին օրենքի: Հետագայում  2007 թվականին Վարպետյանը կրկին դիմել է այս անգամ՝ ՀՀ նախագահին, սակայն նրան կրկին հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների համար 2013 թ. հունվարի 10-ից սահմանել առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ։ ԱԱԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով սույն որոշմանը, ասել են, որ այդ օրենքը կապ չունի Վարպետյանի նկատմամբ կիրառված այլ օրենքների հետ, և որ ավելին արգելքի մասին ասել չեն կարող:

Վարպետյանը 2002 թվականից ի վեր ուղիներ է փնտրել Հայաստան մուտք գործելու համար: 2005 թվականին նա դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Ալավերդյանն այսօր մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը Վարպետյանի գործով դիմել է Անձնագրերի և վիզաների վարչություն, որտեղից ստացել է պատասխան, թե վիզա տալն արգելել է ԱԱԾ-ն:

«Ես դիմել եմ նաև ԱԱԾ, և այն ժամանակ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն անհիմն պատասխան տվեց՝ ասելով՝ «մենք չենք կարող նրան վիզա տալ»: Այո, կարող եմ ասել, որ այդպես էլ հանելուկ մնաց ինձ համար, չհասկացա: Այդ արգելքը հիմնավորված չէ», — ասել է Լարիսա Ալավերդյանը: Ըստ ՀՀ առաջին օմբուդսմենի՝ Հակոբյանն ասել է, որ քանի դեռ ինքը կենդանի է, Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի:

Ալավերդյանն ասել է, որ, Վարպետյանի կարծիքով, իրեն չեն թողում Հայաստան մտնել, որովհետև ինքը Հայաստանում ունի մեծ գրադարան, ու ոմանք չեն ցանկանում, որպեսզի նա իր գրքերն օգտագործի:

Նշենք, որ hetq.am-ին տված հարցազրույցում Հայրապետյանն ասել է, որ իրեն վիզա չտալը վիզաների վարչության աշխատակիցը բացատրել է նրանով, որ դա անելը «նպատակահարմար չէ»:

Համաձայն Վարպետյանի՝ «Էություն» միության կայքէջում տեղադրված տեղեկատվության՝ միանշանակ պարզ է, որ իրեն վտարելն ունի քաղաքական բնույթ, այն առնչվում է ռուսական «գործոնի» և 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունից հետո Հայաստանի ռուսական կտրուկ կողմնորոշման հետ:

Ըստ աղբյուրի՝ Արորդին (Վարպետյանի գրական կեղծանունն է) ռուսամետ շրջանակներում սկսել են մեղադրել սիոնիզմի, աղանդավորության, ինչ-ինչ շրջանակների հետ համագործակցության մեջ:

«Արորդին ակամա ինչ-որ տեղեկություններ ուներ հոկտեմբերի 27-ի գործից և այն շարադրել էր «Ազգային խաչքար» վերոնշյալ վերլուծության մեջ: 2006 թ. աշնանը ՀՀ ՊՆ նախարարությունը սեփական նախաձեռնությամբ փորձ արեց հանգուցալուծել Արորդու այս խնդրականը, մի շարք փաստաթղթերի հետ պահանջվեց նաև դրա ձեռագիրը, իսկ հեղինակի կողմից դրա ոչնչացման գրավոր հավաստումը ստանալուց հետո անգամ այդ փորձը մտավ փակուղի և հանգուցալուծումը նրբորեն ուղղվեց դեպի նախագահական: Այս պարագայում իմաստավորվում են նաև հաշվեհարդարի սպառնալիքները, ինչն էլ հակադարձորեն մատնում է տվյալ վարկածի և հոկտեմբեր 27-ի ոճրագործություն մեջ պետական կառույցների ու թերևս ռուսական գործոնի առկայության հավանականությունը»,- նշված է «Էության» կայքում: