Home / Հայաստան / Լևոն Բարսեղյանը խոստանում է ամեն ջարդած կամ վառած մեքենայից հետո երեքն առնել

Լևոն Բարսեղյանը խոստանում է ամեն ջարդած կամ վառած մեքենայից հետո երեքն առնել

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի վրա հարձակման առիթով Շիրակի մարզի Գյումրիի քննչական բաժինը քրեական գործ է   հարուցել 6 հոդվածների հոդվածների հատկանիշներով, այդ թվում՝ ավազակություն, կողոպուտ, առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բարսեղյանը ու ավելացրել, որ քննիչի աշխատասենյակում ինքը հայտարարել է, թե այսուհետ ամեն կոտրած կամ վառած մեքենայի դիմաց 3 հատ է առնելու:

«Մեքենայից 2 ֆլեշկա են տարել՝ երևի մտածելով, որ շատ արժեքավոր ինֆորմացիա են պարունակում: Իհարկե, ինֆորմացիա կար, բայց առանձնապես երևելի բան չէր: Նշեմ, որ ֆլեշկայի մեջ իմ էլեկտրոնային ստորագրությունն էր ու նաև երաժշտություն կար», – պատմել է Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ կողոպտիչները բավական մանրամասն հասցրել են քանդել մեքենայի ուղևորախցիկը՝ կոտրելով  մոնիտորները, օդորակիչի պանելը:

«Մեծ քարով հարվածել էին դռանը՝ հավանաբար տագնապի ազդանշանային համակարգը ստուգելու համար, կամ էլ վրիպել էին: Հետո նոր մեկ այլ  շատ խոշոր քարով այնպես էին կոտրել ապակին, որ ամբողջը ներս էր լցվել: Մի խոսքով՝ ինչ-որ ապուշ քայլ է», – նշել է մեր զրուցակիցը:

Բարսեղյանը շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել հենց շենքի բակում, որտեղ միշտ կայանում է մեքենան:

«Նախկինում շատ կասկածներ եղել են, այժմ կոնկրետ բան ասել չեմ կարող: Տարիներ առաջ մեր բակում գողերի ռեյդ է եղել ու բակում կայանված մեքենաներից տարբեր բաներ են տարել՝ ներառյալ նաև իմ մեքենայից», – ասել է նա:

Բարսեղյանն ասել է, որ առայժմ հիմքեր չունի պնդելու, որ այդ քայլը նպատակաուղղված է եղել, և կատակով հավելել՝ «դուրները չի եկել մեքենաս»:

«էն մեր մեքենան վառելուց հետո խոստացել էի, որ ամեն վառած կամ ջարդած մեքենայից հետո երկուսն եմ առնելու, այսօր արդեն հայտարարեցի, որ սրանից հետո ամեն անգամ երեքն եմ առնելու», – ասել է մեր զրուցակիցը:

Նա հիշեցրել է, որ վերջին 8 տարում սա «Ասպարեզի» ակումբի և աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, ու բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մինչ օրս մնում են չբացահայտված:

«2008 թվի մարտի 21-ի գիշերը հրկիզվեց իմ վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը փորձեցին հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացան այրել միայն պատուհանը», – ասել է Բարսեղյանը:

Նա նաև նշել է, որ սպասելու է, մինչև ապահովագրական ընկերությունը գնահատի 2012 թվականի արտադրության «Ford Focus»-ի վնասի չափը ու, հավանաբար, կփոխհատուցի:

«Ինչ լինում է, թող ժեշտին լինի», – եզրափակել է Բարսեղյանը: