Home / Տեսանյութեր / Մարտի 1, Վահե Ավետյան, Հրաչ Մուրադյան… Մոմավառություն՝ գյուղապետի հիշատակին

Մարտի 1, Վահե Ավետյան, Հրաչ Մուրադյան… Մոմավառություն՝ գյուղապետի հիշատակին

Այսօր` ժ.19.30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի նշան Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության դեմ բողոքի:

«Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանն ի շարս Ջավախքցի Պողոս Պողոսյանի, Մարտի 1-ին սպանվածների, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի և այլ արժանավոր հայորդիների` դարձավ համակարգի հերթական զոհը: Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից (եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկը), չորս անչափահաս երեխաների հայր: Նա ազնիվ, անկաշառ, անարդարության և ապօրինության դեմ ընդվզող մարդ էր, ապրում էր իր գյուղի ու համայնքի հոգսերով, ուստի անհամատեղելի էր ժողովրդին կեղեքող և հանցավոր բարքերով առաջնորդվող համակարգի հետ»,- նվշած է մոմավառության կազմակերպիչների հայտարարության մեջ, որը տեղադրված է Facebook սոցիալական ցանցում:

Կազմակերպիչներն առաջարկում են համակարգի արմատավորած հանցավոր ամենաթողությանը և անպատժելիությանը զոհ գնացած ազատամարտիկի հիշատակի միջոցռմանը գալ մոմերով: Մոմավառության ընթացքում ցուցադրվելու է Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ: Վաղը  տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ` ազատամարտիկի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանի վրա կրակել են ապրիլի 2-ի առավոտյան: Նա մահացել է աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքից: