Home / Հայաստան / Կրթությունը որպես օժիտ ստանալու մեխանիզմ. բուհերի քաղաքականացման մասին

Կրթությունը որպես օժիտ ստանալու մեխանիզմ. բուհերի քաղաքականացման մասին

Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված ու կենտրոնացված է «միություններ» անվան տակ՝ Նկարիչների միություն, Գրողների միություն, Ճարտարապետների միություն, ինչը բացառում է արվեստագետի գործունեության համար ազատ միջավայրի հնարավորությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում բնակվող նկարիչ, Մանկավարժական համալսարանի նախկին դասախոս Սուրեն Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ վերացական նկարչության կողմնակիցներն ու իրատեսները գտնվում են միևնույն միության մեջ, բայց իրականում արվեստում գաղափարական ոչ մի ընդհանրություն չունեն, արդեն իսկ արհեստական է, իսկ նմանատիպ բազմահազարանոց միությունները պարզապես «գրավում են» առկա գործունեության միջավայրը:

«Այդպիսի կազմակերպությունների գոյությունը թերևս հետապնդում է մի նպատակ՝ կառավարել հասարակական տվյալ շերտին կենտրոնացված համակարգով, ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Միությունում էր: Այդպիսի պայմաններում անհատ հասկացությունը կորցնում է իր նշանակությունը: Նույն կենտրոնացված մոդելը նաև քաղաքական դաշտում է: Անկախացումից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտն ավելի ու ավելի է մոնոպոլիզացվում՝ թափանցելով շուկայական հարաբերություններ ու ծավալվելով կրթական, առողջապահական, նաև ռազմական համակարգերում: Ես Հայաստանի ոչ մի գործող նախագահի չեմ սատարել, սակայն տպավորություն է, որ ամեն հաջորդ նախագահ ավելի է մոնոպոլիզացնում շրջապատը, և այժմ դժվար է ասել՝ ուր է գնում Հայաստանը», – ասել է Սուրեն Ներսիսյանը:

Անդրադառնալով դասադուլներին՝ նախկին դասախոսն ասել է, որ ակնառու է, որ հայաստանյան բուհերը, մեղմ ասած, ինքնակառավարվող չեն:

«Միայն այն փաստը, որ վարչապետն ու նախագահը՝ իրենց բանուգործը թողած, զբաղվում են բուհերի խորհուրդների կառավարմամբ, արդեն անընդունելի է: Անգամ լիբերալ նախագահի կամ վարչապետի դեպքում դա նշանակում է ուղղակի հսկողություն բուհի վրա», – ասել է Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր զարգացած երկրներում կրթությունը ապրանք է, մինչդեռ Հայաստանում այն դառնում է քաղաքական գործիք կամ օժիտ ստանալու մեխանիզմ:

«Եթե ուսանողը վճարում է բուհին, ապա պահանջատերը ոչ թե վաճառողն է, այլ սպառողը: Սակայն քաղաքականացման պայմաններում անիմաստ է խոսել շուկայական հարաբերությունների և մասնագետների պատրաստման մասին: Ես ողջունում եմ ցանկացած ուսանողի ինքնուրույն, ինքնորոշվող քայլ՝ լինի դա դասադուլ, թե այլ միջոց: Դա նրանց իրավունքն է: Ուժեղ պետությունն այն է, որը ունի ազատ անհատներ, այլ ոչ թե կոլեկտիվ համայնքներ: Ողջունելի է այն փաստը, որ գոնե ուսանողների որոշակի զանգված ունի ինքնուրույն քաղաքական կողմնորոշում՝ լինի դա ձախակողմյան, թե աջակողմյան: Որոշ ուսխորհուրդների նախագահների, ինչպես նաև դասախոսների ելույթներն ինձ հիշեցնում են Կոմունսիտական ժամանակաշրջանը՝ մի տարբերությամբ. այն ժամանակ նմանատիպ կերպարները պաշտպանում էին կոմունիստական գաղափարախոսությունը, իսկ հիմա՝ պարզապես ինչ-որ անհատի կամ ուղղակի իշխանության շահերը՝ անկախ այդ իշխանության որակից: Հուսամ, որ ապրիլի 9-ը կունենա պատմական նշանակություն, իսկ եթե ոչ, ապա գոնե քաղաքացիների որոշ հատված անպայման կխորհի, կմտածի, թե ուր է գնում մեր երկիրը և ինչու: Կուզեի, որ յուրաքանչյուր անհատ՝ ուսանող, քաղաքացի, ազգայնական կամ գլոբալիստ հասկանա, որ բավ է տարբերություններ ման գալ սեփական երկրի ու ոչ զարգացած երկրների մեջ: Ավելի լավ է նմանություններ հայտնաբերել ու տեսնել, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկիստանի հետ մենք ավելի շատ նմանություններ ունենք և շատ ավելի տարբեր ենք Դանիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից», – ասել է մեր զրուցակիցը: