Home / Հայաստան / 2-րդ կարգի հիպերտոնիկին կարող են բանակ զորակոչել. նրա ճնշումը սխալ են չափում

2-րդ կարգի հիպերտոնիկին կարող են բանակ զորակոչել. նրա ճնշումը սխալ են չափում

24-ամյա Տիգրան Ծերունյանը, ում մոտ ախտորոշել են երկրորդ կարգի հիպերտոնիա, և դրա պատճատով նա երեք տարի առաջ չի զորակոչվել բանակ, նոր բժշկական հետազոտության արդյունքներով հնարավոր է՝ պիտանի համարվի զինվորական ծառայության համար:

Տիգրան Ծերունյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է իր հիվանդության մասին՝ ցույց տալով սրտաբանական ինստիտուտում բժիշկ Սուսաննա Վատինյանի կողմից արված արձանագարությունը, համաձայն որի Ծերունյանի արյան ճնշումը 140/80 կամ 145/85 է, այսինքն՝ նրա մոտ սահմանային հիպերտոնիա է, այլ ոչ թե երկրորդ կարգի:

Նշենք, որ զինվորական ծառայությունից ազատվում են 90-ից բարձր ստորին շեմով արյան ճնշմամբ մարդիկ:

Ծերունյանը պնդում է, որ Վատինյանի արձանագրությունը սխալ է, ցույց է տալիս այլ բժիշկների արձանագրած տվյալներ: Այսօր Epress.am-ի լրագրողի ներկայությամբ նա չափել է ճնշումը՝ սարքը 175/125 է ցույց տվել: Վատինյանի խոսքով՝ նման ճնշում իր մոտ հաճախ է նկատվում, իսկ ստորին շեմը մշտապես 90-ից բարձր է:

Այսօր առավոտյան Ծերունյանն այցելել է սրտաբանական ինստիտուտ, հանդիպել է գլխավոր բժիշկ Հայկ Քամալյանին, ով ասել է, որ բժշկական քննության արդյունքը չի փոխվելու:

Քամալյանը ինքը չափել է Ծերունյանի արյան ճնշումը, հրաժարվել է ասել, թե ինչ է ցույց տվել սարքը: Բժշկի խոսքով, սակայն, միայն մի երիկամի փոքր լինելու փաստը, որն էլ պատճառն է Ծերունյանի արյան ճնշման հիվանդության, արդեն բավարար հիմք է բանակից ազատվելու համար, ուստի պետք չէ «այդքան գնալ-գալ»:

Երիտասարդն ասել է նաև, որ Արաբկիրի զինկոմիսարիատում դժկամորեն են իրեն ուղարկել բուժզննության:

«Ինձ ասացին, որ էս երկիրը աղքատ է, և լրացուցիչ հետազոտությունների վրա փող ծախսելուց պետք է հնարավորինս խուսափել», – պատմել է Ծերունյանը:

24-ամյա երիտասարդը հիշեցրել է, որ 3 տարի առաջ նույն սրտաբանական ինստիտուտը նույնատիպ բժշկական եզրակացություն է տվել, սակայն հետագայում գլխավոր ռազմաբժշկական հանձնաժողովը կասկածի տակ է առել այդ արձանագրությունը և երիտասարդին վերստուգման ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ պարզել է, որ երիտասարդը պիտանի չէ ծառայության համար և նրան 3 տարով տարկետում տվել:

Այժմ Ծերունյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ով խոստացել է զբաղվել գործով և միջամտել, որպեսզի բժշկական հետազոտության արդյունքում արված արձանագրությունը համապատասխանի իրական առողջական վիճակին: