Home / Տեսանյութեր / Ժիրայր Սեֆիլյանը ժողովրդին սպասում է Ազատության հրապարակում (թարմացվում է)

Ժիրայր Սեֆիլյանը ժողովրդին սպասում է Ազատության հրապարակում (թարմացվում է)

21:14 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտնել է, որ Բաղրամյան 26 գնալը սխալ է համարում, սակայն այս պահին խնդիրն այլ է՝ թույլ չտալ, որ որևէ մեկի քթից արյուն գա: Սեֆիլյանը և մի խումբ ակտիվիստներ այս պահին սպասում են, որ Բաղրամյան պողոտայում մնացած մարդիկ կմիանան իրենց Ազատության հրապարակում:

21:01 Ակտիվիստների հաղորդմամբ՝ Անդրիաս Ղուկասյանը բերման է ենթարկվել:

20:21 Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայում հավաքված տեղեկացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է Ծիծեռնակաբերդ: Նա նշել է, որ ցանկանում է, կարող է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին և Սարյան փողոցով գնալ Ծիծեռնակաբերդ, իսկ մնացածը պետք է ենթարկվեն 3 կանոնի՝ սկսել նստացույց, որևէ բռնություն թույլ չտալ ոչ մի ոստիկանի հանդեպ, ոստիկանության գործողություններին դիմադրել՝ առանց ուժ գործադրելու:

19:52 Epress.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես Սահմանադրական դատարանից մի փոքր վերև ոստիկանները սկսել են փշալարեր տեղադրել:

19:51 Ոստիկանների խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ՝ «Պոբեդա» կամուրջով: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը մարդկանց հորդորել է հետևել նրա օրինակին, սակայն մարդկանց մի մասը շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում: Ցուցարարներից մեկի պնդմանը, որ իրենց մինչև վերջ մնալու են Բաղրամյան պողոտայում,Նազարյանն ասել է՝ «Ուզում եք արյո՞ւն թափվի», ինչին տղամարդը պատասխանել է, որ ուզում է ժողովրդավարական երկրում ապրի:

19:50 ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով իր ընտանիքի հետ միասին Բաղրամյան պողոտայում է, ասել է, որ այն, ինչ կատարվում է Բաղրամյանում, տարօրինակ է:

«Չեմ հիշում նման դեպք, երբ ՀՀ քաղաքացիները ցանկանում են Ծիծեռնակաբերդ բարձրանան, իսկ ոստիկանությունը մահակներով արգելում է: Իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը վերընտրվելուց հետո քաղաքացիների հետ չի շփվել: Եթե Բաղրամյան պողոտան անձեռնմպելի է մարդկանց համար, ապա ո՞ւմ կողմից է ընտրվել Սերժ Սարգսյանը», – ասել է Փաշինյանը:

19:25 Բաղրամյան պողոտան Պռոշյանի խաչմերուկից մինչև Մոսկովյանի խաչմերուկ արգելափակված է: Մարդկանց մի մասը շարունակում է մնալ Բաղրամյանի պողոտայում, մյուս մասը շարժվում է դեպի Մոսկովյան փողոց: Կոչեր են հնչում նաև վերադառնալ Ազատության հրապարակ: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է բանակցել Գասպարյանի հետ:

19:17 «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մարդկանց խնդրում է շփման մեջ չմտնել ոստիկանների հետ և սադրանքների չենթարկվել: Ռուբեն Հակոբյանը տեղեկացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին բանակցությունների մեջ է:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի վաղ սկսել է զրուցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

19.10 Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված վիճակ է: Ոստիկանները շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն մարդիկ չեն պատրաստվում հեռանալ: Նրանք վանկարկում են «Հայաստան» ու հայրենասիրական երգեր երգում: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մարդկանց մի փոքր սպասել:

19:00 Հազարավոր  մարդկանց և ոստիկանների միջև բախումներ են սկսել Բաղրամյան պողոտայի ներքևի հատվածում՝ Գրողների միության շենքի մոտ: Մարդիկ ցանկանում են շարունակել ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, մարդկանց հրում են դեպի ներքև:

Ժամը 18:30-ից Ազատության հրապարակից հազարավոր քաղաքացիներ շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա՝ ՀՀ նախագահի նստավայր: Նրանք ճեղքել են ոստիկանական պատնեշը և լցվել փողոց, որտեղ իրենց դիմավորել են հարյուրավոր ոստիկաններ՝ վահաններով ու մահակներով:

Նշենք, որ ժ.18.00-ի Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում՝ հավաքվածներին խոստանալով ապրիլի 12-ին ներկայացնել իր ծրագիրը, սակայն հավաքված մարդիկ պարբերաբար ընդհատում էին Հովհաննիսյանի ելույթը՝ վանկարկելով «Հիմա, հիմա»:

Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժողովրդի հաղթանակի մասին հայտարարությունների, մարդիկ սկսեցին գոռալ «հաղթանակը ամրագրել է պետք», «կամ այսօր, կամ երբեք»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պատրաստ է ընդունել իրենց խորհուրդը, սակայն խնդրել է ընդունել նաև իր խորհուրդը, ինչն ի պատասխան մարդիկ սկսել են սուլել:

«Վաղը ինձ սուլեք, ինձ քավության նոխազ սարքեք, դավաճան, բայց այսօր կոչ է արել լուռ, առանց ավելորդ խոսքի, սահմանադրությունը՝ ձեռքերում, գնալ Բաղրամյան 26:

«Ոստիկաններ, բացեք ճանապարհները: Մենք առանց ավելորդ խոսքի, լռությամբ, առանց վանկարկելու «Րաֆֆի, նախագահ»: Դաշնակցություն, ո՞ւր ես, ՀԱԿ, ուր ես, Բարգավաճ, ո՞ւր ես, եկեք ժողովրդի կողքը կանգնեք», – ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է մարդկանց՝ խնդրելով լուռ քայլելով հասնել Ծիծեռնակաբերդ: Այնուամենայնիվ, մարդիկ շարունակել են գոռալ «Սերժիկ, հեռացիր»:

«Մենք ուզում ենք ազգային միասնություն, առանց սուլելու, գնում ենք Ծիծեռնակաբերդ: Եթե գեներալ Նազարյանը ինձ ձերբակալում է, ես ենթարկվում եմ այդ անիրավ հրահանգին»:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է ոստիկանների հետ, որոնք հայտարարում են, որ երթը ապօրինի է: