Home / Հայաստան / Ոստիկանները բացեցին ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա (թարմացված)

Ոստիկանները բացեցին ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա (թարմացված)

23.15 Րաֆֆի Հովհաննիսյանն իր աջակիցների հետ Ազատության հրապարակից բարձրացավ Բաղրամյան պողոտայով, ինչի թույլտվությունը նա ստացել է Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցելուց հետո: Գասպարյանը հավաքված մարդկանց հորդորել է լուռ քայլել, քանի որ ուշ ժամ է: Անցնելով Բաղրամյան 26-ի մոտով, մարդիկ երգել են Հայաստանի օրհներգը: Այնուհետև նրանք թեքվել են Պռոշյանի փողոց՝ ավարտելով երթը Ազատության հրապարակում:

22.13 Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդից վերադարձել է Ազատության հրապարակ և այժմ սպասում է, որ ոստիկանները պետք է բացեն դեպի Բաղրամյան տանող ճանապարհը:

«Իմանալով, որ այս վիճակն է այստեղ, մոմավառությունից հետո վերադարձա այստեղ, որովհետև մեր համաքաղաքացիները պահանջում են, որ մենք քայլենք մեզ պատկանող գրասենյակների կողքով: Այս պահին մենք սպասում ենք, որ ոստիկանները բացեն ճանապարհը», – ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ այս պայքարը միանգամյա պայքար չէ, և սխալ է կարծել, որ, կես ժամով գալով հրապարակ, կարելի է խնդիր լուծել:

Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք, ովքեր պատրաստ են պայքարի, չեն հիասթափվի:

«Պետք չէ թույլ տալ որևէ սադրանք: Ոչ մեկ սկուտեղի վրա դա մեզ չի տա: Բայց թույլ չեմ տալու, որ որևէ մեկը օգտագործի ժողովրդական այս ալիքը իր շահի համար», – ասել է Հովհաննիսյանը:

Լրագրողների հարցին, թե ինչ են անելու, եթե ոստիկանությունը թույլ տա մուտք գործել Բաղրամյան պողոտա, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ քայլելուց հետո վերադառնելու է Ազատության պողոտա՝ բարի գիշեր ասելու, իսկ ուրբաթ օրը հավաքվելու են հրապարակում, որտեղ ինքը կներկայացնի հետագա ծրագիրը: