Home / Հայաստան / Չարությունը նրանից է, որ չենք աղոթում. Շարմազանովը հիացած է ոստիկանապետով

Չարությունը նրանից է, որ չենք աղոթում. Շարմազանովը հիացած է ոստիկանապետով

ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հիացրել է ապրիլի 9-ի երթի այն մասնակցիների պահվածքը, ովքեր չեն գնացել սադրանքների:

«Ինձ թվում է՝ մարդիկ կային, որ մի տեղ թաքնված սպասում էին, որ ինչ-որ ավելի վատ բան պատահի: Մարդիկ կան, որ չեն հասկանում, որ ցնցումներ Հայաստանում այլևս չեն լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը:

Շարմազանովը հավելել է, որ ուրախ է, որ քիչ սադրիչներ կային և նրանք չկարողացան իրենց նպատակին հասնել, քանի որ ժողովուրդը և ոստիկանությունը ճիշտ պահվածք դրսևորեցին:

ՀՀԿ խոսնակի գնահատմամբ հատկապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ճիշտ ու հավասարակշռված դրսևորեց, և նրա ու ժողովրդի պահվածքը  շատ ոգևորիչ էր, քանի որ «կանխեց չարակամների ցանկությունները»:

Այն դիտարկմանը, թե արդյոք նկատի ունի այն, որ Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աղոթեց Ծիծեռնակաբերդում, Շարմազանովը դրական պատասխան է տվել:

«Մենք բոլորս պետք է աղոթենք՝ մեր մեջ: Էդ չարությունը նրանից է, որ չենք աղոթում», – ասել է Շարմազանով:

Անդրադառնալով այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցելությանը՝ ԱԺ փոխխոսնակն ասել է, որ չի կարող մեկնաբանել, քանի որ Հովհաննիսյանի «մարշրուտից» տեղյակ չէ: