Home / Տեսանյութեր / Չեն ձերբակալվել, մեկուսացվել են. ոստիկանության պարզաբանում ապրիլի 9-ի դեպքերի վերաբերյալ

Չեն ձերբակալվել, մեկուսացվել են. ոստիկանության պարզաբանում ապրիլի 9-ի դեպքերի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» օրենքով, «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանումը թույլ կտար լիովին խուսափել ապրիլի 9-ին տեղի ունեցած անցանկալի զարգացումներից: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նշում է ՀՀ ոստիկանությունը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին:

«Ապրիլի 9-ի միջադեպերն ուղղակիորեն հաստատեցին ՀՀ ոստիկանության կանխատեսումների և նախազգուշացումների հիմնավորվածությունը` միաժամանակ բացահայտելով անպատասխանատու հակաիրավական վարքագծի դրսևորումներով Ոստիկանության` իրավաբանական, հատկապես` վարչական պատասխանատվության ենթարկելու կարողությունն ու կամքը անհարկի փորձելու հետևանքները:

ՀՀ ոստիկանությունը խոր ափսոսանքով արձանագրում է, որ Բաղրամյան պողոտայով ապօրինի երթի առանձին` անգամ հավաքի կազմակերպիչների համար անկառավարելի դարձած, հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած քաղաքացիների վարքագիծը Ոստիկանությանը հարկադրեց ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ, ովքեր անհապաղ մեկուսացվեցին հավաքի վայրից և ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որից հետո հավաքը վերականգնեց իր խաղաղ բնույթը և մասնակիցներին ընձեռվեց հանգիստ կերպով իրազեկված հավաքի հիմնական վայր` Ազատության հրապարակ վերադառնալու հնարավորություն:

ՀՀ ոստիկանությունը գործադրեց բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների անպատասխանատու և հակաիրավական վարքագիծը չհանգեցնի առավել ծանր հետևանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը», – նշում են հայտարարության հեղինակները:

Ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Ոստիկանությունն ընդգծում է նաև, որ «որևէ կերպ չի միջամտել քաղաքապետի որոշման մեջ առաջարկված վայրերում անցկացվող երթի ընթացքին, այլ բացառապես ապահովել է Բաղրամյան պողոտայով Հանրապետության Նախագահի նստավայր ժամանող անձանց և երթևեկության անվտանգությունը»:

«Մյուս կողմից, անհնար է պատկերացնել, որ ուժային ճանապարհով ոստիկանության պատնեշը ճեղքելը կարող էր մնալ անարձագանք և Ոստիկանությունը հրաժարվեր արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու իր պարտականությունների կատարումից: Ինչ վերաբերում է քաղաքապետի որոշման հիմնավորվածությանը, հավաքի ազատության և հանրային շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովմանը, ապա այդ հարցը ենթակա էր պարզման դատարանում, ոչ թե փողոցում», – նշվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 18:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հավաքված մարդիկ ընդդիմության առաջնորդից պահանջել են իրենց տանել դեպի Բաղրամյան 26: Բազմահազար մարդկանց երթը ոստիկանները կանգնեցրել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Վահաններով և մահակներով զինված ոստիկանների ու մարդկանց միջև բախումներ են սկսվել, ոստիկանները թույլ չեն տվել մարդկանց առաջ շարժվել: Բախումները դադարել են այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փոխել է ուղին և Սարյան փողոցով շարժվել է դեպի Ծիծեռնակաբերդ: Մարդկանց մի հատվածը մնացել է Բաղրամյան պողոտայից սկզբնամասում, ապա վերադարձել Ազատության հրապարակ: Ավելի վաղ, ժամը 15:00-ի սահմաններում Ազգային ժողովի մոտ մոտ 30 քաղաքացիական ակտիվիստներ փորձել են շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն նրանց էլ բերման են ենթարկել ոստիկանության բաժին: