Home / Տեսանյութեր / ՊՆ-ն խոստանում է պատժել զինվորների համար նախատեսված հավկիթները գողացողին

ՊՆ-ն խոստանում է պատժել զինվորների համար նախատեսված հավկիթները գողացողին

Պաշտպանության նախարարությունը կպատժի նրան, որ զինվորի համար նախատեսված հավկիթներն է գողացել: Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով

«Մարկետ» խանութում «Աշտարակ ձու» ընկերության փափեթավորմամբ տուփում ՊՆ մակնշմամբ ձվերի վաճառքը:

«Տուփը ՊՆ-ինը չի եղել, ՊՆ-ի կնիքով հայտնվել են տուփում, քանի որ արտադրող ընկերությունում երևի շփոթմունք է տեղի ունեցել և խառնվել են խանութ ու ՊՆ ուղարկվող ձվերը: Մեզ մոտ փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում»,- ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 168.am-ի խմբագրություն դիմած Մարինե Հովհաննիսյանն  ու Մարինե Յակմուրյանը պատմել էին, որ 10 ձու էին գնել, սակայն տուն տանելուց հետո պարզել էին, որ ձվի տուփի մեջ Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են, ինչի մասին  Մ. Յակմուրյանը հայտնել էր «Աշտարակ ձու» ընկերության գրասենյակ:

«168.am-ի» հետ զրույցում «Աշտարակ ձու» ընկերության  փայատերերի ներկայացուցիչ Մանաս Եփրեմյանն ասել էր, թե ինքը տեղի ունեցածի մեջ մի շարք հակասություններ է տեսնում։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վիրավորական է, երբ իրենց ընկերության տուփի մեջ դրվում են ՊՆ մակնշմամբ ձվեր, և բացառել է թյուրիմացության հնարավորությունը:

«Շփոթմունք չի կարող լինել, որովհետև էդ խանութը մեր եռահարկ օֆիսից ընդամենը 15 մետր հեռավորության վրա է գտնվում, և մեր տրաֆարետները փակցված են, այդ խանութին էլ մենք միշտ թարմ ձու ենք մատակարարում»,- ընդգծել էր նա:

Եփրեմյանի պնդմամբ՝ ընկերությունն անմեղ է ստեղծված իրավիճակում:

«Նախ՝ պետք է պարզել, թե ինչպե՞ս են հայտնվել այդ հավկիթները մեր տուփի մեջ: Շատ պարզ օրինակ բերեմ՝ ես վերցնում եմ օգտագործած տուփ, գնում եմ նորմալ հավկիթ, իսկ հետո հավկիթը փոխում եմ, բերում եմ խմբագրություն: Չեմ բացառում դա»,- եզրափակել էր Եփրեմյանը: