Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստը հիշել է 2011 թիվն ու քննադատել այսօրվա ընդդիմության առաջնորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱԿ ակտիվիստը հիշել է 2011 թիվն ու քննադատել այսօրվա ընդդիմության առաջնորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ազատ արձակել քաղբանտարկյալներին» պահանջով Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել  ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի:

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Արդարացնել երիտասարդներին», «Պատժել դատավորներին» և այլ գրություններով պաստառները ձեռքներին՝ ակցիայի մասնակիցները կանգնել են  դատախազության դիմացի մայթին: Ակտիվիստ Արեգ Գևորգյանը բարձրախոսով դիմել է հավաքվածներին՝ ափսոսանք հայտնելով, որ Առաքելյանն այսօր չի կարողացել մասնակցել միջոցառմանը, քանի որ առավոտյան ժամը 11-ին վերադարձել է բանտախուց:

Հիշեցնենք, որ հոր վաղաժամ մահվան կապակցությամբ Առաքելյանը 3 օրով ազատ էր արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:

Մոտ մեկուկես ժամ տևած ակցիայի ընթացում մասնակիցները կիսվել են վերջին 3 օրերին Առաքելյանի հետ անցկացրած ժամերի մասին՝ նշելով, որ անչափ ուրախ են եղել Տիգրանին տեսնելու համար, պարզապես առիթն էր տխուր:

«Հարցրի՝ Տիգրան ջան, քեզ ո՞նց են այնտեղ նայում, ասաց՝ «շատ հարգալից», մենք նույնիսկ ասացինք՝ «ամեն մեկս մի երկու-երեք ամիս քո փոխարեն գնանք-նստենք, բայց ասացի՝ «ո՞վ մեզ էդքան կհարգի, ոնց որ քեզ են հարգում»: Տիգրանը շատ հպարտ է ու ասում է, թե համոզված է, որ շուտ տուն է գալու», – Еpress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակիր տիկին Սկարլետը:

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը, խոսելով ակտիվիստների գործողությունների մասին, անդրադարձել է, մասնավորապես, ապրիլի 9-ին տեղի ունեցած բախումների մասին: Դատապարտելով ոստիկանների գործողությունները՝ Գևորգյանն ասել է, որ շատ ավելի դատապարտելի էր «հարթակի ու ընդդիմության առաջնորդների անպատասխանատու գործողությունը»: Նա հիշեցրել է 5 տարիների ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի անցկացրած զանգվածային միջոցառումների մասին ու շեշտել, որ դրանցից գրեթե բոլորն էլ ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով՝  ոստիկանության կողմից հրահրված, սակայն իրենց առաջնորդները երբեք «այսպիսի անպատասխանատու մոտեցում չեն ցուցաբերել միջոցառումների ժամանակ»:

«Որպես վառ օրինակ հիշեցնեմ 2011 թվականի Ազատության հրապարակի վերանվաճումը, երբ մենք գնում էինք ակնհայտ բախման, երբ Ազատության հրապարակը շրջապատված էր սաղավարտավոր ոստիկաններով, երբ հրապարակում ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումներն էին, մենք ոչ թե խուճապահար և գլուխներս կորցրած շարժվեցինք դեպի ոստիկանական շարքերը, այլ դրանից առաջ մեր առաջնորդները՝ շարք կազմած, մոտեցան, բանակցություններ վարեցին, իսկ այդ ընթացքում քաղաքացիներն ու ակտիվիստները սպասում էին 50-100 մետր հեռավորության վրա, որպեսզի բացառվի որևէ բախում», – ասել է ՀԱԿ ակտիվիստը: