Home / Հայաստան / Արմեն Ռուստամյանն ասել է՝ որ հարցում են համամիտ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն

Արմեն Ռուստամյանն ասել է՝ որ հարցում են համամիտ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն

Այսօր ժամը 11:00-ին մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության համագումարը, որին ներկա են 900 պատվիրակներ: Համագումարին ներկա է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հյուրերի թվում են ՀՅԴ-ի պատվիրակությունը, որը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, ՀԺԿ-ն՝ Ստեփան Դեմիրճյանի առաջնորդությամբ, ՍԴՀԿ-ն՝ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ի պատվիրակությունը Ստեփան Մարգարյանի ղեկավարությամբ, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների ծնողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա քաղաքական ուժեր:

Համագումարին ողջյունի խոսքով ելույթ է ունեցել ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով կարևորել է համագումարի անցկացումը ներքաղաքական և արտաքին քաղաքականության ներկա բարդ գործընթացների ֆոնին:

«Մեր կուսակցություններն ունեն շատ տարբերություններ, բայց մեկ բանում ենք համամիտ՝ այսպես շարունակել չի կարելի», – ասել է Ռուստամյանը՝ հիշատակելով Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները, մասնավորապես, արտագաղթն ու աղքատությունը:

ՀՅԴ-ականը նկատել է, որ ՀԱԿ-ի հետ իր կուսակցությունն ունի ԱԺ-ում համագործակցության 1 տարվա հաջողված փորձ: Նա հավելել է, որ լավ հեռանկար կա շարունակել այդ համագործակցությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Ինչպես և նախորդ ուրբաթ կայացած «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ, Արմեն Ռուստամյանը ՀԱԿ-ի համագումարին էլ ընդգծել է, որ մինչև ավագանու ընտրությունները համագործակցություն չստացվեց, սակայն ընդդիմադիր կուսակցությունները կարող են համագործակցել արդեն իսկ ընտրություններից հետո՝ միավորելով ուժերը ավագանիում: