Home / Տեսանյութեր / Հայաստանում հեղափոխական վիճակ է, բայց ընդվզումը փակուղի է մտել. Զուրաբյան

Հայաստանում հեղափոխական վիճակ է, բայց ընդվզումը փակուղի է մտել. Զուրաբյան

Հայաստանում կրկին հեղափոխական իրավիճակ է ստեղծվել, ինչի մասին վկայում է այն, որ Սերժ Սարգսյանի եդմնակալությանը չեն մասնակցել բոլոր կարևոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն (ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ մասնակցել են երդման արարողությանը, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համագումարին ներկա չլինելը պայմանավորել էր երկրից բացակայությամբ – խմբ.), ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Այս մասին այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ կուսակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Վերջինս նշել է, որ Սերժ Սարգսյանի ջանքերը լեգիտիմացնել իր իշխանությունը հաջողության չեն հասել, ու թեև կարևորագույն ուժերը չեն մասնակցել իր «շուլերական խաղին» ընտրությունների ժամանակ, ժողովուրդը, միևնույն է, ընդվզել է:

Զուրաբյանի խոսքով, սակայն, այդ ընդվզումը ղեկավարող «լիդերները ադեկվատ չգտնվեցին», և այդ ընդվզումը փաստացի փակուղի է մտել:

Այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորի խոսքով, դա չի նշանակում, որ համատարած դժգոհությունը պակասել է: Ըստ Զուրաբյանի՝ ՀԱԿ կուսակցությունն իր առջև խնդիր է դրել նախ Երևանն ազատագրել ռեժիմից:

Զուրաբյանն ասել է, որ երկրի իշխանությունը երբեք այնքան ատելի և թուլացած չի եղել, որքան այսօր, ուստի նա իրատեսական է համարում Երևանի ազատագրումը՝ հաշվի առնելով նաև այն, որ այդ նպատակը կիսում են այլ ընդդիմադիր ուժերը: