Home / Հայաստան / Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման «ներքևից» և «վերևից» մոտեցումները

Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման «ներքևից» և «վերևից» մոտեցումները

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է ջերմանան նախքան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, հակառակ դեպքում այդ հարցում առաջընթաց ակնկալել չարժե: Այս մասին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել է Օքսֆորդի համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Նիլ ՄըքՖարլեյնը: Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորումը կախված կլինի նրանից՝ ինչպես Հայաստանը և Սփյուռքը կնախապատրաստեն և կկազմակերպեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

«Այս պահին [Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական] Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է անորոշ ժամանակով: Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը՝ Թուրքիայի խորհրդարանը հազիվ թե հայկական կողմի համար ընդունելի փաստաթուղթ վավերացնի: Երևանը, իր հերթին, չի ստորագրի Անկարայի առաջ քաշած նախապայմանների տակ: Հարաբերությունների կարգավորումը երկու մակարդակ ենթադրող գործընթաց է: Մի կողմից՝ խոսքը վերևից կարգավորման մասին, օրինակ, արձանագրությունների, մյուս կողմից՝ ներքևից՝ միջոցներ, որոնք ձեռնարկվում են ավելի ցածր մակարդակի վրա: Դրանք ուղղված են երկկողմանի գործնական կարգավորմանը՝ օդային հաղորդակցություն, վիզաների հետ կապված հարցեր, առևտուր, մշակութային, ակադեմիական կապերի ամրապնդում և այլն: Այս պահին «ներքևից կարգավորման» մոտեցումն ավելի խոստումնալից է թվում, քան ավելի բարձր մակարդակով կարգավորումը», – ասել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ «ներքևից մոտեցումն» ավելի նախընտրելի է, քանի որ հնարավոր չէ Թուրքիային ստիպել հրաժարվել նախապայմաններից և վավերացնել իր իսկ կողմից ստորագրված արձանագրությունները:

Մեկնաբանելով Թուրքիայի՝ Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ գտվելու հանգամանքը՝ ՄըքՖարլեյնը իրավիճակը հետևյալ կերպ է բնութագրել. «Որքանով հասկանում եմ, էներգետիկայի հարցում Թուրքիան շատ ավելի մեծ կախման մեջ է Ռուսաստանից, քան Ադրբեջանից: Հարցը մի փոքր այլ հարթության վրա է: Խնդիրը ոչ այդքան էներգետիկ կախվածության մեջ է, այլ Թուրքիայում հասարակական կարծիքի վրա Ադրբեջանի ազդեցության: Վերջիվերջո, Ադրբեջանը գազի և նավթի արտահանման այլ տարբերակ ունի՞, քան Թուրքիայի տարածքով: Այնպես որ, այստեղ էլ Անկարան ճնշման լծակներ ունի»:

Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիան, ըստ էության, Հարավային Կովկասում ուժեղ դիրք ունի և մրցակցությունից դուրս է:

«Իրանը, որին վերագրում են տարածաշրջանում Թուրքիայի հիմնական մրցակցի կարգավիճակը, շատ ավելի թույլ է: Թուրքիան շատ ավելի լուրջ խաղորդ է, իսկ Իրանը Կովկասում արդյունավետ և ամբողջական քաղաքականություն չունի», – ասել է ՄքՖարլեյնը: