Home / Հայաստան / Հովհաննիսյանը զարմանալիորեն հաղթել էր առանց այսօր իրեն քննադատողների. կարծիք

Հովհաննիսյանը զարմանալիորեն հաղթել էր առանց այսօր իրեն քննադատողների. կարծիք

Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին քայլերից բազում քաղաքական ուժերի, օրինակ, «Նախախորհրդարանի» դժգոհությունն առայժմ չի կարող առիթ տալ ենթադրելու, թե «Բարև, Երևան» դաշինքը ընտրություններին հաջողություն չի ունենա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք այսօր քննադատում են Հովհաննիսյանին, միայն  նախագահական ընտրություններից հետո էին աջակցություն հայտնել նրան և եկել հրապարակ,  այսինքն՝ առանց նրանց օգնության է Հովհաննիսյանը զարմանալի հաջողություն ունեցել ընտրություններին:

«Այո, ընդդիմադիր հանրության ինչ-որ մի հատված հիասթափված է ապրիլի 9-ի իրադարձություններից, սակայն դա, կարելի է ասել, ժամանակավոր բնույթ է կրում, և «Բարև, Երևան» դաշինքի հաջողությունը կախված է այն բանից, թե ինչ հետագա քայլեր կանի Րաֆֆի Հովհաննիսյանը, և ինչ զարգացումներ կստանա նրա շարժումը»,- ասել է Էդգար Վարդանյանը:

Այն, որ ընդդիմադիր ուժերը նպատակ ունեն միավորվելու և ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու, դեռևս քիչ է՝ հույս ունենալու համար, որ ավագանու ընտրություններին ընդդիմությունը կհաղթի, կարծում է քաղաքագետը: Ըստ նրա՝ «Հանրապետական» կուսակցությունը ևս շատ լուրջ է տրամադրված քաղաքային ընտրություններին բացարձակ մեծամանություն  ունենալուն, ինչը այդպես չէր լինի, եթե ՀՀԿ-ն վստահ լիներ, որ ԲՀԿ-ն իր հետ կոաիլցիա կստեղծի:

«Հաշվի առնելով նախագահական ընտրությունների փորձը՝ Գյումրիում դաժան պարտությունը, ՀՀԿ-ն այս անգամ մոբիլիզացնելու է իր ուժերը, եռակի եռանդ է գործադրելու, որպեսզի ընտրությունները չեզոքացնի և փաստացի իշխանության վերարտադրում ապահովի»,- ասել է Վարդանյանը:

Էդգար Վարդանյանը նկատել է, որ այս ընտրություններին մասնակցում են կարևորություն ունեցող թերևս բոլոր ուժերը, նույնիսկ նրանք, ովքեր ընտրություններին այլևս չէին հավատում: Այս փաստը, ըստ քաղաքագետի, հետաքրքրական է և քննարկման արժանի, քանի որ ընտրությունների կայացմանը խանգարող երկու՝ առավել հաճախ շրջանառվող հանգամանքները չեն փոխվել: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ բացակայող քաղաքացիների անունները շարունակում են մնալ ցուցակներում, և իշխանությունները չեն ցանկանում հրապարակել քվեարկած անձանց անունները ընտրություններից հետո: