Home / Հայաստան / Լուծումը քաղաքական դաշտում. կուսակցությունները քննարկել են Երևանի բնապահպանական խնդիրները

Լուծումը քաղաքական դաշտում. կուսակցությունները քննարկել են Երևանի բնապահպանական խնդիրները

Փոքր Փարիզ ունեինք, ինչո՞ւ ենք Նյու Յորք սարքում, ինչո՞ւ ենք ոչնչացնում ողջ Հին Երևանը, էս հսկա շենքերը կառուցելն ի՞նչ նպատակ ունի: Այսօր Երևանին առնչվող բնապահպանական խնդիրների վերաբերյալ քննարկմանն այս հարցերը հնչեցրել է «Հանուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյան:

Վերջինս հիշեցրել է, որ Երևանը Փոքր Փարիզ են անվանել BBC-ի լրագրողները, ովքեր տարիներ առաջ ժամանել էին Հայաստանի մայրաքաղաք: Ըստ Դանիելյանի՝ ներկայումս Երևանի բնապահպանական վիճակը կարելի է միայն բացասական գնահատել: Փորձագետը նշել է, որ մայրքաղաքում բնապահպանական խնդիրները առաջանում են քաղաքաշինության պատճառով, այդ երկու ոլորտները սերտաճած են: Խնդիրների լուծման համար Դանիելյանը կարևորել է քաղաքացիական կամքը:

«Եթե կա օրենք, բայց չկա քաղաքացիական կամք, այդ օրենքը կարելի է շրջանցել», – ասել է ՀՀ բնապահպանության նախկին նախարարը:

Քննարկմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու ընտրությունների մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր կարևորել են Երևանի բնապահպանական խնդիրները՝ ներկայացնելով իրենց պատկերացրած լուծումները մայրաքաղաքի ավագանիում ընդգրկվելու դեպքում:

«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ  Հրաչ Սարգսյանն ասել է, որ իրենց ծրագրի հիմքում ընկած է անտառային գոտիների, ինչպես նաև բուսաբանական այգու վերականգնումը: Նրա խոսքով՝ բուսաբանական այգին գտնվում է խայտառակ վիճակում և պետական ֆինանսավորում գրեթե չի ստանում:

ԲՀԿ ներկայացուցիչ  Գուգեն  Գասպարյանի խոսքով՝ այսօր կարևորագույն խնդիրներից մեկը աղբահանության խնդիրն է, և ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը կլինի աղբավերամշակման գործարանի կառուցումը Նուբարաշենում:

Հարցին, թե  ինչպես է ՀՅԴ կուսակցությունը պատրաստվում Երևանը  «մաքրել» ապօրինի շինություններից, Դաշնակացությունը ներկայացնող բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասել է. «Կարծում եմ, որ, ապօրինի շինություններ ասելով, նկատի են ունեցել էկոլոգիական իմաստով վտանգավոր այն շինությունները, որոնք կառուցվել են  կանաչ գոտիների հաշվին: Ըստ քաղաքաշինական նորմերի՝ մեզ մոտ կանաչ գոտիները նախատեսվածից երկու անգամ քիչ են»:

ՕԵԿ-ն իր ծրագրում նշել է, որ կլինի աղբահանության կտրուկ բարելավում, թափոնների վերամշակում` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարցին, թե ինչպես են պատրաստվում այդ ամենն իրականացնել, ՕԵԿ-ական Հրայր Սարգսյանը պատասխանել է.

«Ամենակարևորը Երևանի գլխավոր հատակագծի վերանայումն է: Պետք է ուշադրություն դարձնել շինարարական գործընթացների օրինական լինելուն: Կան բազմաթիվ օրինակներ, երբ մի անձ գնում է մի սեփական տուն և դրա տեղում կառուցում 15 հարկանի շենք: Պետք է բացառվի կանաչ գոտիների շահագործումը, պետք է պահպանել այն, ինչ ունենք և ստեղծել նորը»:

ՀԱԿ ներկայացուցիչ Եվա Թովմասյանին հարցրել են, թե ինչպես է կուսակցությունը պատրաստվում իրականցնել կուսակցության ծրագրում ներկայացված բավական հարուստ բնապահպանական բլոկը, որում, մասնավորապես, ասվում է, որ լինելու է անտառների, սիզամարգերի շատացում և վերականգնում, կաթիլային համակարգի անցում, և որքանով է հնարավոր այդ ամենը իրականացնել 4 տարվա ընթացքում:

«Ներկայումս որոշումը կայացվում է, և արդեն պատրաստի որոշումը տալիս են հասարակությանը: Հասարակությունը դեռ նախաձեռնության փուլում  պետք է հաղորդ դառնա հատկապես էկոլոգիական խնդիրներին: Ես դա շատ կոնկրետ եմ պատկերացնում, դա կարող է լինել հանրային քննարկումների և կոնկրետ որոշումներ կայացնելու միջոցով: Վերջին տարիների կտրվածքով ունեցել ենք ընդհամենը դեկորատիվ կանաչապատման  նախադեպեր, և դրանք բոլորովին թթվածնային խնդիր չեն լուծում. այս ամենը պետք է կարգավորել», – ասել է Թովմասյանը:

Որպես խնդիր նա նաև ընդգծել է հանրային տարածքների անխիղճ սեփականաշնորհման խնդիրը:

«Արդեն այնպիսի անդառնալի կորուստներ ունենք, ինչպիսին են Հրազդանի կիրճը, Դալմայի այգիները», – նշել է ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ հարցերի լուծումը քաղաքական դաշտում է տեսնում, մասնավորապես, ՀՀԿ-ից ազատվելու մեջ: