Home / Հայաստան / ՀԱԿ-ն այս անգամ մանդատներից չի հրաժարվի. Վահագն Խաչատրյանը բացատրել է՝ ինչու

ՀԱԿ-ն այս անգամ մանդատներից չի հրաժարվի. Վահագն Խաչատրյանը բացատրել է՝ ինչու

Երևանի ավագանու ընտրություներում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը նպատակ ունի ոչ թե քաղաքապետի պաշտոնը ստանալ, այլ ընդդիմադիր քաղաքապետ ունենալ, ուստի նույնիսկ քիչ մանդատներ ունենալու դեպքում, դրանցից չի հրաժարվի:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀԱԿ ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը:

«Ես քաղաքապետ դառնալու ամբիցիաներ չունեմ: Ես ընդամենը ուզում եմ օգտակար լինել իմ ունեցած գիտելիքների չափով», – ասել է  ՀԱԿ անդամը:

Ըստ նրա՝ 2009 թվականի ընտրություններին իրավիճակը այլ էր. ՀԱԿ-ը հրաժարվեց մանդատներից, քանի որ նախ կային քաղբանտարկյալներ, և նրանց ազատման պահանջ էր դրված, և ընտրություններն անցել էին մեծածավալ խախտումներով, շատ տեղամասում ընտրությունները անվավեր էին ճանաչվել: Վահագն Խաչատրյանն ասել է, որ այժմ չորս ընդդիմադիր ուժեր (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Բարև Երևան» դաշինք) ունենալու են իրենց վստահված անձինք, և ուժերը համախմբելու դեպքում հնարավոր է մինիմումի հասցնել ընտրախախտումները:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում քաղաքային ընտրություններին մասնակցող ընդդիմադիր չորս ուժերի միջև, և հնարավոր է, որ արդյունքում միասնական շտաբ ձևավորվի:

Լրագրողներից մեկը կարծիք է հնչեցրել, որ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել են նաև ՀԱԿ-ի համակիրները և հարցրել, թե արդյոք ՀԱԿ-ը պատրաստվում է որոշակի քայլեր անել այդ ընտրազանգվածին հետ բերելու համար:

Վահագն Խաչատրյանը նշել է, որ ինքը չի ցանկանում ժողովրդին բաժանել երկու մասի, և ամենակարևորը հաղթանակի հույս տալն է,  որևէ ընդդիմադիր ուժին ընտրելը:

«Ես չեմ կարող սպասել, որ իմ ընկերը, որը գնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, պետք է ինձ ընտրի: Ոչ, դա իր որոշելու հարցն է»,- ասել է ՀԱԿ ցուցակի առաջին համարը: