Home / Հայաստան / Փոստանջյանը վստահ է, որ «երեք նախկին նախագահների ստեղծած բուրգը» քանդվում է

Փոստանջյանը վստահ է, որ «երեք նախկին նախագահների ստեղծած բուրգը» քանդվում է

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարգում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին վերջինիս այն հայտարարության համար, թե ինքն այն տարիքում է գտնվում, որ չի կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Այս մասին Զարուհի Փոստանջյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ, երբ նրան խնդրել են մեկնաբանել Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարին հնչեցրած հայտարարությունները այն մասին, թե ինչու ինքը չի միացել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:

Նշենք, որ Տեր-Պետրոսյանը նախորդ տարվա վերջին բացատրելով նախագահաի պաշտոնում չառաջադրվելու պատճառները, մասնավորապես ասել էր.

«Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին… Ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»:

Փոստանջյանը նշել է, որ Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարման տարիները ձախողում են եղել երկրի համար:

«Եթե հիշում եք, ես երեք նախկին նախագահներին նոր տարուն բացիկ եմ ուղարկել Լուվրի նկարով և Բաբելոնյան աշխտարակի քանդմամբ: Ես իրենց երեքին էլ այդպիսին  եմ դիտարկել: Այս 20 տարիները, բացի, իհարկե, մեր պայծառ հաղթանակից, եղել են ձախողման տարիներ: Մենք ունենցել ենք մեկուկես միլիոն քաղաքացիների արտագաղթ, դա ես համեմատում եմ 1915 թվի պատմական հայրենիքից մեր սերուցքը կտրելու հետ», – ասել է Փոստանջյանը՝ հավելելով, որ «երեք նախկին նախագահների ստեղծած բուրգը» հիմա քանդվում է:

«Ժառանգության» հետագա քայլերից խոսելով՝ Փոստանջյանն ասել է, որ իրենք խզում են բոլոր հարաբերությունները ներկայիս ապօրինի իշխանությունների բոլոր օղակների հետ: