Home / Տեսանյութեր / Պռոշյանի բնակիչները հասել են դատարան. պահանջում են պատժել իրական մարդասպանին

Պռոշյանի բնակիչները հասել են դատարան. պահանջում են պատժել իրական մարդասպանին

Պռոշյան գյուղի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի (լուսանկարում) սպանության փաստով ձերբակալված նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյաններին:

Գյուղացիներն ավելի վաղ հավաքվել էին Պռոշյանի գյուղապետարանի մոտ, այնուհետև ոտքով շարժվել դեպի Աշտարակ-Երևան մայրուղի՝ սպառնալով փակել ճանապարհը, ինչը ոստիկանները նրանց թույլ չեն տվել անել:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ եղբայրները հանցագործ չեն և անհիմն են կալանավորվել, և պահանջում են ձերբակալել իրական մեղավորներին:

Երեկ Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Իր նամակում Արշալույս Պետրոսյանը նշել էր, որ Պռոշյան համայնքի ճնշող մեծամասնության համար անհասկանալի է, թե իր որդին ինչ առնչություն կարող է ունենալ սպանության հետ:

ՀՀ ոստիկանությունը, իր հերթին, պնդում է, որ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա դատաքիմիական փորձաքննությամբ «հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր»: