Home / Տեսանյութեր / Մոնումենտից Շրջանային 4 հազարով են բերել. մասնագետները՝ հայաստանյան տուրիզմի մասին

Մոնումենտից Շրջանային 4 հազարով են բերել. մասնագետները՝ հայաստանյան տուրիզմի մասին

«Արմավիա» ավիաընկերության փակվելուց հետո, ավիատոմսերի գները զգալի բարձրացել են, ինչը նույնպես կհանգեցնի նրան, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը կնվազի: Aravot.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ամիստադ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը:

Նրա խոսքով՝ տուրիստների հոսքը դեպի Հայաստան ապահովելու համար տուրընկերությունները արտերկրում մասնակցում եմ ցուցահանդեսների, «տեղը տեղին ներկայացնում Հայաստանը», սակայն հենց հերթը հասնում է, որ տուրիստը հետաքրքրվում է ավիատոմսերի գներով, միանգամից ոգևորությունը մարում է. «Ավիատոմսերի արժեքը մնում է հիմնական խոչընդոտը, մարդն ասում է` ես ինչո՞ւ պետք է մի քանի անգամ ավել վճարեմ, երբ Դուբայն, ասենք` այսքանով է առաջարկում: Մեր հարեւան Վրաստանում նույնպես մատչելի են ավիատոմսերը. Երևան-Պրահա գնալ-գալը 350 եվրո է, մեզ մոտ 590 եվրո»:

Տուրիզմի ոլորտի մասնագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է ուղիղ ավիաուղիներ ունենա. «Առանց ազգային ավիափոխադրողի դժվար է զարգացնել տուրիզմը»:

Արմինե Ադամյանի տվյալներով՝ վերջին տարում քիչ, բայց տուրիզմի հոսք է նկատվում Արգենտինայից, Էկվադորից Մեքսիկայից, Իսպանիայից: Տուրիզմի ոլորտի պետական պաշտոնյաները, որքան էլ չեն ուզում բացեիբաց ասել, բայց տարեցտարի զգալի նվազում է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Նրանք` իրենց Նովրուզն անցկացնելու համար այլևս նախապատվություն չեն տալիս մեր երկրին:

«Այս տարի, ցավոք, պարսկական շուկայից գրեթե մարդ չունեցանք: Դոլարը բավականին թանկացել է նրանց մոտ, և այն մարդիկ էլ, որոնք դոլար ունեն, հաշվարկում են, տեսնում, որ ստացվում է Հայաստանում ավելի թանկ է Միացյալ Էմիրություններից, Վրաստանից»,- ասել է «Եվրազիա ինթերնեյշնլ թրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը:

Նրա խոսքերով, իրենց տուրիստների հետ հաճախ է պատահում, երբ տաքսիստները մեկ-երկու կիլոմետրի համար «խելքից դուրս» գներ են ասում. «Մոնումենտից շրջանային 4 հազարով են բերել: Երբ հարցրել են՝ ինչո՞ւ եք այդքան ուզում, տաքսիստը պատճառաբանել է, որ չորս հոգի եք»: