Home / Հայաստան / Վահե Ավետյանի գործով խնդրել են դատարան հրավիրել Ռուբեն Հայրապետյանին

Վահե Ավետյանի գործով խնդրել են դատարան հրավիրել Ռուբեն Հայրապետյանին

2012 թվականի հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված և 12 օր անց հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ուղեղը մահացել է հարվածներ ստանալու պահին: Այս մասին վկայել են ավստրիացի պրոֆեսորներ` վնասվածքաբան Շաբուսի և նյարդաբան Մատուլայի բժշկական եզրակացության արդյունքները: Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր դատարանում ներկայացրել է ավստրիացի բժիշկների փաստաթուղթը և խնդրել է այն կցել քննվող գործին:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ դատարանը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և կորոշի՝ արդյոք դրանք կկցվեն գործին, թե ոչ:

Դրանից հետո դատարանն անցել է նախորդ նիստի ժամանակ հնչեցված միջնորդության քննարկմանը:

Տուժողի ընտանիքի փաստաբանները միջնորդել էին դատարան կանչվածների ցանկը լրացնել մոտ 30 վկաներով:

Դատախազ Արթուր Դավթյանը միջնորդության վերաբերյալ որոշումը թողել է դատարանի հայեցողությանը, սակայն նշել է, որ այդ վկաները հարցաքննվել են նախաքննության փուլում, և նախաքննական մարմինը գտել է, որ նրանք չեն կարող նոր տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ: Մեղադրյալների պաշտպանները դեմ են արտահայտվել միջնորդությանը: Մասնավորապես, փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ միջնորդությունը նպատակ ունի նոր մեղադրյալներ բացահայտելու և դուրս է գործի շրջանակներից: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի փաստաբան Մարինե Թովմասյանն ասել է, որ դատարանը կարող է միջնորդությունը բավարարել այն պայմանով, եթե որպես վկա դատարան կանչվեն այդ օրը «Հարսնաքար» ռեստորոնային համալիրում հարսանեկան արարարողությանը մասնակցող հարսը, փեսան, քավորը և այլն:

Դատարանը տուժողի իրավահաջորդներին խնդրել էր ավելի հստակ տեղեկատվություն տրամադրել վկաների մասին: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը կողմ է, որ դատարան կանչվեն միայն նրանք, ովքեր ականատես են եղել միջադեպին:

Վահե Գրիգորյանն առարկել է՝ հայտարարելով, որ այդ ցանկի առաջին մարդը՝ Ռուբեն Հայրապետյանը, ասել է, թե դեպքից տեղյակ էր ու մեղադրյալներից մեկի՝ Նորայր Հայրապետյանի հետ խոսել է հեռախոսով:

Գրիգորյանի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ այդ հեռախոսազրույցների հաջորդականությունը:

Տուժողի իրավահաջորդի փաստաբանը նաև նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը նախաքննական մարմնին ցուցմունք տվել է, նրա անունը հնչել է նախաքննության փուլում, ուստի դատարանը կարող է գոնե Ռուբեն Հայրապետյանի մասով այսօր որոշում կայացնել, իսկ մնացած անձերի մասին տեղեկատվություն Գրիգորյանը խոստացել ներկայացնել հաջորդ դատական նիստին:

Երբ Գրիգորյանը հնչեցրել է Ռուբեն Հայրապետյանի անունը, դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատները դժգոհել են՝ հայտարարելով. «Ինչո՞ւ եք Ռուբեն Հայրապետյանին կանչում»:

Դատավորը միջնորդությունը բավարարել է միայն 3 մարդկանց մասով, որոնց թեկնածությունների դեմ չեն առարկել թե տուժող կողմի ներկայացուցիչները, թե մեղադրյալների փաստաբանները: Այդ երեքը «Հարսնաքար» համալիրի աշխատակիցներն են՝ Մանուկ Մնացականյանը, Դավիթ Հայրյանը, Գևորգ Միքայելյանը:

Ռուբեն Հայրապետյանի մասով դատավորն առայժմ որոշում չի կայացրել: