Home / Տեսանյութեր / «Կոռուպցիա, վատ սանիտարական պայմաններ». հայաստանյան բանտերում լուրջ խնդիրներ կան

«Կոռուպցիա, վատ սանիտարական պայմաններ». հայաստանյան բանտերում լուրջ խնդիրներ կան

Գերծանրաբեռնվածությունը, ոչ պատշաճ սանիտարական պայմանները, ոչ պատշաճ բուժօգնությունը և կոռուպցիան շարունակում են հայաստանյան բանտերի հիմնական խնդիրները հանդիսանալ և որոշ դեպքերում դառնում են մարդկային կյանքը վտանգող գործոններ: Այս մասին նշված է 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցում, որը ապրիլի 19-ին հրապարակել է ԱՄՆ Պետդեպը:

«2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 4.756 բանտարկյալ: ՔԿՀ-ները կարող են տեղավորել 4.395 մարդ:

Աբովյան քրեակատարողականում կանանց և անչափահաս ամբաստանյալների թիվը 2012 թվականի ընթացքում համապատասխանաբար 196 և 30 է եղել: 30 անչափահասներից մեկը իգական սեռի է, սակայն հիմնարկում բացակայում են իգական սեռի անչափահաս ամբաստանյալների համար հարմարություններ», – նշվում է զեկույցում:

Ոստիկանության նախնական կալանքի վայրերում բանտախցերի գերծանրաբեռնվածությունը ևս շարունակում է խնդիր մնալ: Ի տարբերություն անցյալ տարվա՝ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այս անգամ չի գրանցել սահմանված 3 օրից ավել կալանավորներին ազատազրկելու դեպքեր: Զեկույցում նշվում է նաև, որ դիտորդների խմբին թույլ չեն տվել մտնել ոստիականության  բաժանմունքներ:

Պաշտոնական տվյալներով՝ բանտերում գրանցվել է մահվան 28 դեպք, անցյալ տարի  եղել էր 31 դեպք: Պաշտոնապես որպես մահվան պատճառ ավելի հաճախ նշվում է հիվանդությունը, եղել են նաև ինքնասպանության դեպքեր:

Համաձայն տեղական իրավապաշտպան կազմակերպությունների՝ գերծանրաբեռնվածությունը, շենքերի վատ վիճակը և բանտարկյալներին բժշկական օգնության տրամադրելու խնդիրն անուշադրության մատնելը մահացությունների պատճառներից են:

Հոկտեմբերին Եվրախորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն զեկույց է հրատարակել, որտեղ նկարագրել է «Երևան-Կենտրոն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ կատարած այցերի արդյունքները: Ըստ զեկույցի՝ սանիտարական պայմանները, խցերի չափը, հանգիստի հնարավորությունները շարունակում են մնալ ընդունված չափանիշներից ցածր: Կոմիտեն նշել է նաև, որ 2010 թվականին իր կողմից տրված խորհուրդները չեն կատարվել, իսկ «Երևան-Կենտրոն» ցմահ ազատազրկվածների պայմանները անմարդկային կարող են համարվել:

ԱՄՆ Պետդեպն ընդգծում է, որ Հայաստանում չկա բանտերի խնդիրներով զբաղվող օմբուդսմեն, իսկ իրավապաշտպանները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում են փաստել, որ կալանավորներին ու դատապարտվածներին երբեմն թույլ չեն տալիս այցելուներ ընդունել՝ բանտերի գերծանրաբեռնվածության պատճառով: Հայաստանյան բանտերում թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություններ: