Home / Տեսանյութեր / ԱՄՆ-ն անդրադարձել է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնին

ԱՄՆ-ն անդրադարձել է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնին

Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ պահպանում է երկրում ազատ արտահայտվելու և մամուլի ազատությունը, նշված է ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ հաշվետու տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու մի քանի դեպք է եղել, որոնք հիմնականում կապված են եղել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ: Մասնավորապես, նշվում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի դեպքը, որի վրա հարձակվել են ընտրատեղամասի մոտ, երբ նա նկարահանումներ էր իրականացնում:

Նույն ժամանակահատվածում նվազել է նաև զրպարտության համար ԶԼՄ-ների դեմ ներկայացվող հայցերի քանակը:

Խոսքի ազատության ոտնահարման դեպքերին անդրադառնալով՝ զեկույցի հեղինակները նշում են, որ 2012 թվականի ապրիլի 12-ին Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ համարել փառատոնի անցկացումը Գյումրիում, քանի որ տասնյակ մարդիկ արգելափակել են փառատոնի անցկացման վայրը:

Փառատոնի կազմակերպիչները փորձել են այն անցկացնել նաև Վանաձորում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, սակայն փառատոնը նույնպես չի անցկացվել բողոքների պատճառով: Դրանից հետո՝ ապրիլի 16-ին, բողոքողները հավաքվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ և ձվեր ու քարեր են նետել գրասենյակի ուղղությամբ՝ մի քանի պատուհան կոտրելով:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել վանդալիզմի համար պատասխանատու անձանց դեմ: ԱՄՆ Պետդեպը հիշեցնում է, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը խոչընդոտվել էր նաև 3 տարի առաջ, քանի որ կազմակերպիչների վրա տարատեսակ ճնշումներ էին գործադրվել:

Անդրադարձ կատարելով մամուլի ազատության խնդիրներին՝ զեկույցի փրձագետները նշում են, որ տպագիր ԶԼՄ-ներում քաղաքական կարծիքների բազմազանության և օբյեկտիվ լուսաբանման պակաս կա, քանի որ թերթերը հիմնականում պատկանում են անհատներին և արտահայտում են նրանց կամ այլ ֆինանսական աջակիցների տեսակետները:

«Այդ մարդիկ հետաքրքրված չեն ազնիվ և հավասարակշիռ լրատվություն ապահովելու մեջ: Միայն սահմանափակ թվով թերթեր են կարողանում գործել որպես ինքնաֆինանսավորվող և որակյալ հաստատություններ», – նշված է զեկույցում:

Միևնույն ժամանակ, Պետդեպի փորձագետները, հղում կատարելով միջազգային և տեղական դիտորդների վրա, նշում են, որ մայիսյան ընտրությունների լուսաբանման ժամանակ մամուլն ապահովել է բազմակարծություն և օբյեկտիվ լուսաբանում:

Զեկույցում նաև նշվում է, որ օնլայն լրատվամիջոցները այլընտրանքային տեղեկատվության աղբյուր են հանդիսանում, և, ի տարբերություն հեռուստատեսությանը, այստեղ հնարավոր է քաղաքական գնահատականների բազմազանություն տեսնել:

ԱՄՆ Պետդեպը նշում է, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ, որի ղեկավարն է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ, համաձայն դիտորդներից շատերի, քննությունը քաղաքական դրդապատճառներ ունի՝ կապված Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցության հետ, ինչպես նաև այն փաստի հետ, որ «Սիվիլնեթը» մի շարք նյութեր է հեղինակել, որոնցում քննադատվում են իշխանությունները:

«Հայաստանում ինտերնետի օգտագործման հետ կապված իշխանության կողմից սահմանափակումներ չկան, չի եղել նաև վստահելի վկայություն, որ իշխանությունները հետևում են քաղաքացիների էլեկտրոնային փոստերին կամ ինտերնետային զրույցներին առանց օրինական վճռի: Անհատները և խմբերը կարող են իրենց կարծիքները փոխանակել ինտերնետում և էլ.փոստի միջոցով:

Այնուամենայնիվ, մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված iDitord կայքը, որը դիտարկում էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղած ընտրախախտումները, հաքերային հարձակման է ենթարկվել ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին», – նշում են զեկույցի հեղինակները: