Home / Տեսանյութեր / Դատավոր. Հայաստանում ինձ ճնշել են «Յուկոս»-ի գործի պատճառով

Դատավոր. Հայաստանում ինձ ճնշել են «Յուկոս»-ի գործի պատճառով

2012 թվականի ընթացքում նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, ում, համաձայն վստահելի աղբյուրների, 2011 թվականին ստիպել էր հրաժարական տալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, իր թոշակի վերականգնման հարցում դեռևս առաջընթաց չէր արձանագրել: Այս մասին ասված է ապրիլի 19-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում:

Պետդեպը նշում է, որ Սուրիկ Ղազարյանին աշխատանքից ազատել և թոշակից զրկել էին՝ վրեժխնդիր լինելով այն բանի համար, որ նա 2010 թվականին իր գործողությունները չէր համաձայնեցնել Վճռաբեկ դատարանի հետ «Յուկոս» նավթային ընկերության և «Ռոսնեֆտ» ռուսաստանյան պետական ընկերության գործով վճիռ կայացնելու ժամանակ:

Նշենք, որ ԱՄՆ Պետդեպը Սուրիկ Ղազարյանի դեպքը հիշատակել էր նաև 2011 թվականի զեկույցում:

2012 թվականի ընթացքում Սուրիկ Ղազարյանի դեպքին անդրադարձել է նաև եվրոպական մամուլը: Մասնավորապես, հոլանդական «Հանդելսբլադ» պարբերականի խմբագիր Յոս Ֆերլաանը 2012 թվականի նոյեմբերի 22-ին գրել էր «Յուկոս»-ի և «Մորավելի» դատական գործի մասին, որը քննում էր հոլանդական դատարանը: Ֆերլաանը նշում է, որ «Յուկոսի» սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալությունից և ընկերությունը սնանկ հայտարարելուց հետո «Յուկոսն» անցավ ռուսաստանյան պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը:

Սակայն, բացի «Յուկոսի» մայր ընկերությունից, գոյություն ուներ նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Յուկոս ԱՊՀ»-ն, որի վստահորդ գրասենյակը գրանցված է Ամստերդամում: Այդ ընկերության վրա տնօրինություն հաստատելու համար պայքարում էր «Ռոսնեֆտը», որը կլանել էր մայր «Յուկոսը»:

Հենց Հայաստանում էլ «Յուկոս» դեմ դատական հայց էր ներկայացրել բրիտանական «Մորավել» ներդրումային ընկերությունը: 2005 թվականին Լոնդոնի արբիտրաժային դատարանը բավարել էր «Մորավելի» 655 միլիոն դոլարանոց հայցը «Յուկոսի» դեմ: Դրանից հետո «Մորավելը» դիմել էր հայաստանյան դատարան՝ պահանջելով Լոնդոնի արբիտրաժային դատարանի որոշման հարկադիր կատարումը: 2010 թվականի փետրվարին Սուրիկ Ղազարյանը որոշում էր կայացրել ի օգուտ «Մորավելի»:

Սակայն երկրորդ գործը, որի ընթացքում քննվում էր «Յուկոս ԱՊՀ»-ի՝ «Ռոսնֆետին» պատկանելու օրինականության հարցը, այլ զարգացումներ է ունեցել, ու Սուրիկ Ղազարյանը որոշումը կայացրել է օգուտ ռուսաստանյան ընկերության:

Ռուսաստանյան դատարանների կողմից քննված մի քանի դատական գործերի արդյունքում «Մորավելը» նույնպես պարտվել էր «Յուկոսին», այն է՝ «Ռոսնեֆտին»:

«Բայց որքանո՞վ այդ որոշումները կարող են անկողմնակալ համարվել հոլանդական դատարանի համար, որտեղ այժմ շարունակվում է գործի քննությունը», – հարց է բարձրացնում Յոս Ֆերլաանը ու նշում, որ գործի քննության ընթացքում Սուրիկ Ղազարյանի վրա Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը ճնշում է գործադրել, ինչը ազդել է վճիռի կայացման վրա:

Խմբագիրը, մասնավորապես, մեջբերում է Ղազարյանի վկայությունից հատված, որը ներկայացվել է հոլանդական դատարանին.

«Ես հետևում էի ցուցումների «Ռոսնեֆտի» օգտին որոշումը կայացնելու ժամանակ… Դատական նիստի ընթացքում ես մի քանի անգամ ընդմիջում եմ հայտարարել այդ ցուցումները ստանալու համար: Ես ընտրություն չունեի, ցանկանում էի կաշիս փրկել: Ես ճնշումների զոհ դարձա, և վերջում այլ ընտրություն չունեի, քան հրաժարական տալ»:

Սուրիկ Ղազարյանն իր վկայության մեջ նաև նշել է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ չէ ու խստորեն վերահսկվում է: Ըստ նախկին դատավորի՝ դա հատկապես վերաբերում է աղմկահարույց գործերին, օրինակ, «Յուկոսին» և «Ռոսնեֆտին», որոնց քննության ընթացքում յուրաքանչյուր հայաստանյան դատավորի հրահանգվում է հետևել «վերևից» եկած հրամաններին և որոշումներ կայացնել ի օգուտ «Ռոսնեֆտի», քանի որ հակառակ որոշումները հակասում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին:

Ղազարյանը նաև ընդգծում է, որ, չնայած ինքը երկրորդ դեպքում վճիռը «վերևից» հրահանգով է կայացրել, իրեն համակարգից հանել են, որպեսզի մյուս դատավորներին ցույց տան, որ ղեկավարությանը չի կարելի հակառակվել:

Ֆերլաանը գրում է, որ, նմանատիպ փաստեր ունենալով, Հոլանդիայի դատարանը պետք է տվյալ գործով անկողմնակալ որոշում կայացնի:

Նշենք նաև, որ 2011 թվականի օգոստոսին իր հրաժարականից հետո Սուրիկ Ղազարյանը, չնշելով գործը, այնուամենայնիվ, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում խոսել էր հրաժարականի պատճառների մասին:

«Այս պայմաններում, իմ առողջության տեր մարդը, որը մտածում է իր առողջության և կյանքի մասին, չպիտի աշխատի: Մինչև Արման Մկրտումյանի` Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելը բավական հեշտ էր և կարելի էր աշխատել: Որովհետև մարդ իրեն զգում էր որպես նորմալ դատավոր, և լրացուցիչ ինտրիգներ, լրացուցիչ օրենքից դուրս պահանջներ դատավորներին չէին ներկայացվում:

… Դատավորները հիմա անկախ չեն: Դատավորներն իրենց դատավոր չեն զգում: Նրանց` իրավագիտակցությամբ և օրենքների ուժով ձևավորված եզրակացությունը, որը դառնում է իրենց ներքին համոզմունք, հնարավոր է, որ չհամապատասխանի այլ մարդկանց ցանկությանը և այդպես էլ չդառնա դատական ակտ», – ասել էր Սուրիկ Ղազարյանը: