Home / Հայաստան / Ոստիկանապետին նշանակել «զոն նայող». Գասպարին խոսել է ՀՔԾ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ոստիկանապետին նշանակել «զոն նայող». Գասպարին խոսել է ՀՔԾ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կարելի է նշանակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «զոն նայող», իսկ այնտեղի «զոն նայողին» ոստիկանապետ, ու դրանից ոչինչ չի փոխվի: Այս մասին այսօր Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հանցագործության մասին հաղորդում տալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին:

Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ Վարդգես Գասպարին պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկնաապետին՝ իրեն ազատությունից զրկելու, իր խաղաղ ցույցը խափանելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:

Գասպարին նշել է, որ շաբաթ օրը ոստիկանապետի վարքագիծն իրեն հիշեցրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ տեսած «գողական թափթփուկների վարքագիծը»:

«Իրա խոսելը, շարժուձևը, ամեն ինչը մեկից մեկ «Նուբարաշենի» թափթփուկների վարքագիծն էր հիշեցնում», – ասել է Գասպարին:

Ակտիվիստն անդրադարձել է նաև Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին՝ հիշեցնելով, որ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ ոստիկանապետը խոշտանգել է ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանին: Գասպարիի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն իրենց պետք է պատասխանատու զգան այն բանի համար, որ ՄԻԵԴ-ում պաշտոնյաների պատճառով վճիռներ են կայացվում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ընդդեմ ՀՀ քաղաքացու:

Ակտիվիստը լրագրողներին կոչ է արել մշտապես բարձրաձայնել այդ հարցը պաշտոնյաների հետ զրույցներում: