Home / Հայաստան / ՀԱԿ-ը հույս չունի, որ ոստիկանությունը կբացահայտի ակտիվիստների ծեծի գործը

ՀԱԿ-ը հույս չունի, որ ոստիկանությունը կբացահայտի ակտիվիստների ծեծի գործը

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ակնկալիքներ չունի, որ ոստիկանությունը կբացահայտի երեկ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպը: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն իրականացնող ակտիվիստներից երկուսը Սիլիկյան թաղամասում  ծեծի են ենթարկվել: Ակտիվիստներից մեկը՝ Ալիկ Հախվերդյանը, ծեծի հետևանքով ծանր մամնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

«Հաշվի առնելով նախորդ փորձը, որևէ հույս չունենք, թե ոստիկանությունը կբացահայտի իրական մեղավորներին ու պատասխանատվության կենթարկի, հատկապես՝ գոնե մեզ համար ակնհայտ է, որ դա արված էր հրահանգով, որը ուղղորդվում է ամենավերևներից: Ամբողջ ՀՀԿ-ի ներքին խավը, որի 90 տոկոս և ավելին բանդիտներ են ու ամբողջությամբ հովանավորվում են այս իշխանության կողմից», -նշել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝  տուժած ակտիվիստը, ով այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ առողջական վատ վիճակի պատճառով երեկ հրաժարվել էր բացատրություն տալ:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, այլ մանրամասներ առայժմ չկան:

ՀԱԿ ակտիվիստները նշում են, որ իրենք դեպքի վայր ոստիկանություն էին կանչել, սակայն ոստիկանությունը չի ժամանել: