Home / Հայաստան / ՍԴ նախագահը հարազատներին բացատրել է՝ ինչու է Սերժ Սարգսյանի օգտին որոշում կայացրել. թերթ

ՍԴ նախագահը հարազատներին բացատրել է՝ ինչու է Սերժ Սարգսյանի օգտին որոշում կայացրել. թերթ

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շատ սրտաճմլիկ բացատրություն ունի առ այն, թե ինչու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հայցապահանջը ՍԴ-ն մերժեց և ուժի մեջ թողեց ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Գագիկ Հարությունյանը, ընդ որում, շատ լավ գիտի, որ ԿԸՀ պաշտոնական արդյունքները իրականությունը չեն արտացոլում, ինչպես նաև վստահ է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի հաղթել այս ընտրություններում: Այս ամենի մասին ՍԴ նախագահը խոսել է իր ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ հարազատների նեղ շրջանակի ներկայությամբ», – նշում է թերթը:

«ՀԺ»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանի ծնունդը նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշումը հրապարակելու օրվանից ընդամենը 10 օր անց էր, ու ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլը:

«Նա, մասնավորապես, հայտարարելուց հետո, որ բոլորը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում, շարունակել է, թե՝ այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն այլ որոշում կայացներ, ապա հետևանքները աղետալի կլինեին երկրի և ժողովրդի համար: Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել, այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ՝ 2008 թվականի Մարտի 1-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար, շատ ավելի մեծ թվով մարդկանց արյուն կթափվեր: Այնպես որ, շարունակել է Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ի այդ որոշումը միայն մի նպատակ է հետապնդել՝ փրկել իրավիճակը, թույլ չտալ արյունահեղություն», – գրում է թերթը:

«ՀԺ»-ն հավելում է, որ ՍԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ինքը ինչ արել է, արել է ժողովրդի համար և այդ օրը հարազատների առաջ չի վարանել հպարտորեն հայտարարել դրա մասին:

«Հիրավի, սա մի բացատրություն է, որի դեմ խաղ չկա: Իսկ ինչ է՝ որևէ մեկը կցանկանա՞ր, որ արյունահեղություն լիներ երկրում: Իհարկե, ոչ: Ուստի՝ Կեցցե Հայաստանի Սահմանադրական դատարանը, ամենամարդասեր դատարանը աշխարհում», – եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը: