Home / Տեսանյութեր / Գագիկ Խաչատրյանը վստահ է՝ լրատվամիջոցները «հորինած բիզնեսներ» են կապում իր անվան հետ

Գագիկ Խաչատրյանը վստահ է՝ լրատվամիջոցները «հորինած բիզնեսներ» են կապում իր անվան հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե իր դեմ ընթանում է վաղուց մշակված արշավ, իսկ լրատվամիջոցները «հորինած բիզնեսներ» են կապում իր անվան հետ: Խաչատրյանը, սակայն, չի մանրամասնել, թե ով է կանգնած այդ ամենի հետևում:

«Վաղուց մշակած ձեր լրատվական միջոցների հորինած բիզնեսներն են: Դիմեք հանձնաժողովին», –  ասել է Խաչատրյանը:

ՊԵԿ-ի նախագահը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել և թիկնապահների ուղեկցությամբ նստել է իրեն սպասարկող BMW ավտոմեքենան ու հեռացել, հայտնում է «Ազատությունը»:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումի հիման վրա հարուցվել էր վարույթ` Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Նույն որոշմամբ հանձնաժողովը Գագիկ Խաչատրյանին առաջարկել է քննարկվող հարցի վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:

Այսօր հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ ՊԵԿ-ի նախագահն արդեն ներկայացրել է իր առարկություններն և բացատրությունները: Հանձնաժողովից, սակայն, փոխանցել են, որ քանի դեռ վարույթն ընթացքի մեջ է, իրենք իրավասու չեն որևէ դետալ հրապարակել: