Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը Գյումրիի սպանության մանրամասներ է ներկայացրել

Ոստիկանությունը Գյումրիի սպանության մանրամասներ է ներկայացրել

Ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության հեղինակը Վահե Ղուկասյանն է. նա այս մասին երեկ խոստովանել է Գյումրիի ոստիկանության բաժնում, հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը: 24-ամյա Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի կեսօրին Գյումրիի Շիրակացի փողոցում կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է Շեկո մականվամբ: Վերջինս մահացել էր հիվանդանոցում: Համաձայն մամուլի հրապարակումների, մահացածը և տուժածը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներն են:

Ոստիկանությունում Վահե Ղուկասյանը հայտնել է, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:

«Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 3 հատ փամփուշտներով:

Ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի  ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով: Վահե Ղուկասյանը ձերբակալված է», – հայտնում է ոստիկանությունը: