Home / Հայաստան / «Արմավիա»-ն պետբյուջե չի վճարել ուղևորներից գանձված «օդի փողը». թերթ

«Արմավիա»-ն պետբյուջե չի վճարել ուղևորներից գանձված «օդի փողը». թերթ

«Արմավիա» ավիաընկերությունը, իր կուտակած պարտքերից բացի, չի վճարել նաև ՀՀ պետբյուջեին հասանելիք օդի տուրքի գումարը: Այս մասին գրում է «Ժողովուրդ»- ը:

Թերթը հիշեցնում է, որ 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով դուրս մեկնելիս գանձվող 10.000 դրամը 2009թ. մարտից ներառվեց տոմսի գնի մեջ: Եվ այդ հավաքագրված գումարներն ավիաընկերությունները պարտավորվել էին փոխանցել ՀՀ պետբյուջե:

Արդեն 4 տարի շարունակ «Արմավիա»-ն այդ գումարներն ուղևորներից գանձել է, սակայն պետությանը չի վճարել, նշում է «Ժողովուրդը»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը թերթի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել «Արմավիա»-ի`օդի պարտքի խնդիրը` առաջարկելով դիմել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր հերթին տեղեկացրել է. «Դա չի վերաբերում ավիացիոն խնդիրներին, այն ֆինանսական խնդիր է: Դա ավիացիոն վարչության գործառույթների և կոմպետենտության շրջանակում չէ»:

«Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան զանգերին չի պատասխանել: