Home / Տեսանյութեր / Տարոն Մարգարյանի բաժանած ծաղիկները՝ դատարան դիմելու պատճառ

Տարոն Մարգարյանի բաժանած ծաղիկները՝ դատարան դիմելու պատճառ

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է  ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:

Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը, «Բարև Երևան»-ի կարծիքով, հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:

Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:

Քաղաքապետարանի կողմից կատարված այս խախտումը նկարահանվել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից:

Դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:

Բացի այդ, Դանիել Իոաննիսյանը ընտրախախտումների մասին տեղեկություններով արդեն 2-րդ դիմումն է ներկայացրել ԿԸՀ: Դիմումով, բացի խախտումները վերացնելուց և մեղավորներին պատժելուց, ԿԸՀ-ից պահանջվում է դիմելով դատարան չեղյալ համարել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, քանի որ վերջինս բազմաթիվ խախտումներ է կատարել:

«Այս դիմումի քննարկումը հավանաբար կկայանա հաջորդ շաբաթ, ինչի մասին հավելյալ կտեղեկացնենք՝ ներկայացնելով բոլոր մանրամասները», – ասված է «Բարև Երևան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ: