Home / Տեսանյութեր / Տղամարդը խոչընդոտել է «Բարև Երևանի» քարոզարշավը ու թողել իր հեռախոսահամարը

Տղամարդը խոչընդոտել է «Բարև Երևանի» քարոզարշավը ու թողել իր հեռախոսահամարը

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ժամը 19:00-ին այցելելու է ոստիկանություն՝ բացատրություն տալու ժամեր առաջ «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստների կողմից  բուկլետներ բաժանելը խոչընոտած ոմն Վարդանի վերաբերյալ: Այս մասին Սաֆարյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ Նոր Նորքի 5-րդ զանվածում՝ Միկոյան փողոցի բակային հատվածում Վարդան անունով մի քաղաքացի՝ իր խմբով, դաշինքի ակտիվիստներին թույլ չի տվել   բուկլետներ բաժանել:

Սաֆարյանը նշել է, որ Վարդան ներկայացած անձը նյարդայնացել է այն ժամանակ, երբ նկատել է, որ ակտիվիստները բուկլետները ձեռքներին  դուրս են գալիս նշված փողոցի շենքերի շքամուտքերից:

Ակտիվիստների գործողությունները խոչընդոտող անձը ներկայացել է ու թողել է իր հեռախոսահամարը, ինչից հետո Սաֆարյանը զանգահարել է նրան ու հորդորել հանգիստ թողնել ակտիվիստներին:

«Զանգահարեցի ու անկեղծ ասացի, որ աննախադեպ բան է, երբ մարդը, ով խոչընդոտում է՝ անուն է թողնում ու հեռախոսահամար, գոնե այդքանով կարող եմ հարգել ձեր համարձակությունն ու դրա համար չեմ ուզենա, որ ոստիկանությունը միջամտի, կամ հարցի մասին տեղեկանան լրատվամիջոցները: Նաև բացատրեցի, որ ինքը քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս, ինքն ասաց՝ «ոչինչ, եթե ես քրեորեն պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն, միևնույն է՝ չեմ թողնելու բաժանեն»: Ես էլ ավելացրեցի՝ «Ասացի՝ լավ, ես էլ նույն ձեր շիտակությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ խնդիրը տեղափոխվում է այլ դաշտ», – պատմել է մեր զրուցակիցը:

Սաֆարյանը նշել է, որ դրանից անմիջապես հետո, ինքը՝ ոստիկանների ու լրագրողների ուղեկցությամբ գնացել է դեպքի վայր՝ հանդիպելու թաղային հեղինակություններին, սակայն վերջինս այնտեղ չի եղել:

«Փորձեցինք նույն հեռախոահամարով զանգահարել, ընդ որում՝ ոչ մենք, ոչ ոստիկանները, ոչ էլ լրագրողները չկարողացանք կապ հաստատել Վարդանի հետ. հեռախոսահամարը անջատված էր», – նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ոստիկանները արդեն սկսել են համարի տիրոջ փնտրտուքը: