Home / Հայաստան / Երիտասարդը տեղամասում ժամեր է անցկացնում «գեղեցիկ աղջիկների» պատճառով (ՎԻԴԵՈ)

Երիտասարդը տեղամասում ժամեր է անցկացնում «գեղեցիկ աղջիկների» պատճառով (ՎԻԴԵՈ)

«Էրեբունի» վարչական շրջանի 13/22 և 13/23 ընտրատարածքների մոտ առավոտից մի խումբ մարդիկ են կանգնած. նրանք զրուցում են տեղամաս մտնող ընտրողների հետ, ազատ ելումուտ են անում «Էրեբունի» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, որտեղ տեղակայված են վերոնշյալ ընտրատեղամասերը:

Դիտորդների և լրագրողների խնդրանքին ներկայանալ, տվյալ անձինք չեն արձագանքում, երբ նրանց լուսանկարում են, վերջիններս, իրենց հերթին, սկսում են տեսանկարահանել լրագրողներին ու դիտորդներին:

Դիտորդական առաքելություն անցկացնող «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի ներկայացուցիչը փորձել է  երիտասարդներից մեկից պարզել, թե ինչ է անում ընտրատեղամասում 09:00-ից մինչև 14:00-ն, եթե, վերջինիս պնդմամբ, ինքը քվեարկել է ավելի վաղ:

Երիտասարդն ասել է, որ իր գալու պատճառն այն է, որ ընտրատեղամասում «շատ գեղեցիկ աղջիկներ կան»: ՀԿ-ի ներկայացուցիչը հարցրել է՝ արդյոք երիտասարդն իր հետ մարդկանց է բերում, որպեսզի նրանք էլ «գեղեցիկ աղջիկներին» տեսնեն, ինչին ի պատասխան երիտասարդն ասել է՝ «օրենքով չի՞ թույլատրվում»:

Երբ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ»-ի ներկայացուցիչն առաջարկել է երիտասարդին դուրս գալ տեղամասից, վերջինս պատասխանել է. «Խի օրենքով չե՞մ կարա ստեղ մտնեմ»:

Երիտասարդին բացատրել են, որ օրենքով արգելվում է անընդհատ ներկա գտնվել ընտրատեղամասում, եթե անձը գրանցված չէ որպես վստահված անձ կամ դիտորդ:

Մեկ այլ տղամարդ, ով նույնպես մշտապես գտնվել է տեղամասի մոտ կամ ներսում, չի պատասխանել դիտորդի հարցերին ու ծխախոտի մոխիրը թափ է տվել դիտորդի տեսախցիկի վրա:

Հետագայում նա մտել է 13/23 ընտրատեղամաս և նշել, որ ցանկանում է գրանցվել որպես ՀՀԿ-ի վստահված անձ: Հանձնաժողովի նախագահ ՀԱԿ-ական Հայկ Թոխոսյանը թույլ չի տվել գրանցել՝ նշելով, որ ՀՀԿ-ի մեկ վստահված անձ տեղամասում արդեն կա:

Քիչ անց ՀՀԿ-ականները որոշել են փոխել իրենց վստահված անձին և գրանցել այն մարդուն, ով առավոտից ազատ ելումուտ էր անում տեղամասում:

Նշենք, որ առավոտյան ժամը 9.00-ից 13/22 ընտրատեղամասի մոտ գտնվող անձը ևս քիչ առաջ գրանցվել է որպես ՀՀԿ վստահված անձ: