Home / Հայաստան / 20-ամյա կնոջ պատմությունը. փաստաբանը վստահ է՝ նա ինքնասպան չի եղել, այլ փորձել է ազատվել պարանից

20-ամյա կնոջ պատմությունը. փաստաբանը վստահ է՝ նա ինքնասպան չի եղել, այլ փորձել է ազատվել պարանից

2012 թվականի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կասկածելի պայմաններում մահացած 20-ամյա Մարո Գուլոյանի գործի քննչական մասի ավարտին հասնելու կապակցությամբ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի իրավաբան Լուսինե Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել   և ներկայացրել է 10 ամիսների ընթացքում արձանագրված տվյալները:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Մարոն ինքնասպան է եղել ամուսնու տան լոգարանում՝ կախվելով խալաթի գոտու օգնությամբ:

Մարոն ուներ մեկ դուստր և դեպքի պահին հղի է եղել երկրորդ՝ տղա երեխայով: Ծնունդով բյուրեղավանցի աղջիկը ամուսնացել ու տեղափոխվել է Առինջ գյուղ՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգական Գևորգ Գուլոյանի ընտանիք:

«Գործի նյութերով հաստատվել է, որ Մարոն մշտապես վիճաբանությունների մեջ է եղել ամուսնու՝ Գևորգի հետ՝ նրա խաղամոլության պատճառով: Վերջինս անընդհատ պարտքով գումարներ է վերցրել Մարոյի ընտանիքից, իսկ դեպքից շատ քիչ առաջ պահանջել է, որպեզսի Մարոյի եղբայրն իր անունով վարկ ձևակերպի՝ 600 հազար դրամի չափով, որպեսզի նա փակի իր պարտքերը: Մարոյի ամուսնու չաշխատելը, խաղամոլությամբ զբաղվելը մշտական վիճաբանությունների առիթ են հանդիսացել», – ասել է իրավաբանը:

Նրա խոսքով՝ Մարոյի ընտանիքի անդամներին նաև հայտնի է, որ Գևորգը միշտ էլ ֆիզիկական բռնությունների է ենթարկել կնոջը, ով, սակայն, ոչ մի անգամ ոստիկանություն չի դիմել, ու բռնության հետքերը չեն արձանագրվել:

«Գործն այնքանով է կարևոր, որ նման խնդրի առաջ կարող է կանգնել յուրաքանչյուրը՝ անկախ սեռից. երբ որևէ մեկը մահանում է շատ կասկածելի հանգամանքներում, որևէ վստահություն չի կարող ունենալ, որ մեր իրավապահ մարմինները հավուր պատշաճի կքննեն գործը», – ասել է Լուսինե Մինասյանը:

Իրավաբանը հիշեցրել է, որ գործը հարուցվել է հենց դեպքի օրը, իսկ իրենք գործում ներգրավվել են 2 օր անց:

«Ներկայացնում ենք տուժողի իրավահաջորդին՝ հորը՝ Ռոման Թովմասյանին: 10 ամիս ընթացքող քննության բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել ու կարևոր, հիմնական մեխ հանդիսացող հանգամանքները մեր միջնորդություններով  են պարզվել: Անցկացվել է դատաբժշկական փորձաքննություն և մենք գտել ենք, որ դատաբժիշկը չի ֆիքսել բոլոր վնասվածքները, որոնք եղել են Մարոյի մարմնի վրա, և մենք ունենք ապացույցներ», – ասել է փաստաբանը:

Բանախոսը շեշտել է, որ իրենց պահանջով անցկացվել է արտաշիրիմում՝ Մարոյի դիակը հանվել ու տարվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննության:

«Թեև գործում կար ցուցում, որ գերեզմանատան  համապատասխան աշխատակիցներ ներգրավվեին գերեզմանը փորելու աշխատանքները կազմակերպելու համար, իրավապահ մարմինները նույնիսկ դա չեն իրականացրել, ու Մարոյի եղբայրը ինքն է ստիպված եղել թաղած տեղից հանել քրոջը», – պատմել է Միանսյանը:

Վերջինս ներկայացրել է Մարոյի մարմնի վրա առկա վնասվածքները, որոնք  դատաբժշիկը չէր արձանագրել:

«Սովորաբար ինքնասպան եղածի աչքերում արյան զեղումներ են առաջանում, լեզուն է դուրս գալիս, դեմքը սևանում է, ինքնասպան եղածը միզում է, սակայն Մարոյի մոտ չկա այս հատկանիշներևից որևէ մեկը: Լինում է նաև մաշկի սևացում, երբ արյունը գնում է դեպի կախված վիճակում գտնվող վերջույթներ՝ նայած թե ինչ դիրքով է կախված: Նշեմ ավելին՝ Մարոն, ինքնապաշտպանության բնազդից ելնելով, փորձել է ազատվել վզին կապված պարանից, սակայն հենց այդ դիրքով էլ մահացել է: Մարոյի դեմքին արտասովոր սևացում, կապտում չի նկատվել, նրա ձախ ոտքի շրջանում կար վնասվածք, ինչը դատաբժիշկը չէր ֆիքսել, ուղղակի բանավոր պարզաբաբել է՝ ասելով, թե դրանք դիակային հետքեր են, սակայն հնարավոր չէ, որ մի կետով արտահայտվեր դիակային հետքը: Մարոյի այտի ստորին հատվածում վերք կար, գտել են, որ դա եղունքից հետք է, որը առաջացել է այն ժամանակ, երբ Մարոն փորձել է իրեն ազատել ու եղունգով իրեն վնասել է: Վերքը շատ խորն էր և կարող էր առաջանալ միայն շատ սուր ծայր ունեցող առարկայով ու եղել է կենդանության օրոք՝ արյունը ներթափանցել է, դրա համար կարմրավուն գույն ունի, մինչդեռ Մարոյի եղունգները  դեպքի պահին շատ կարճ կտրված են եղել», – ասել է Մինասյանը:

Իրավաբանը խոսել է նաև Մարոյի ձեռքի մատներին առկա վնասվածքների հետքերի մասին:

«Դատաբժիշկը պարզաբանել է, որ պարզապես դիակը լավ չեն լվացել և արյան հետքեր են մնացել: Սա կարող էր լինել այն խալիից, որը նշված է գործի նյութերում.  իբր Մարոն դեպքից 2 օր սառը ջրով խալի էր լվացել, ինչը նույնպես  իր ու ամուսնու վեճի պատճառ է դարձել: Անգամ, եթե սա դիմադրություն ցույց տալու հետևանք չէ, կարող էր խալի լվանալու հետևանքով առաջանալ, հարց է ծագում՝ ինչո՞ւ դատաբժիշկը դա չի ֆիքսել», – ասել է իրավաբանը:

Վերջինս շեշտել է, որ  քրեական գործում բեկումային դեր է խաղացել իրենց ուժերով պատրաստված խրտվիլակը, որն ունի Մարոյի նույն քաշն ու հասակը:

«Խնդիրն այն է, որ քննչական փորձարարության արդյունքում խնդրեցինք վկային կրկնել այն նույն գործողությունը, որն իբրև արել էր կախված վիճակում Մարոյին հայտնաբերելուց հետ, այսինքն՝ խնդրեցինք իջեցնել ու փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նա ի վիճակի է կատարել նույն գործողությունը: Սրանից հետո շատ տարօրինակ բաներ տեղի ունեցան՝ վարույթն իրականացնող մարմինը սկսեց հապաղել քննություն իրականացնել և երբ մենք միջնորդություն իրականացրեցինք այդ անձին քննելու համար: Վկան, ով Մարոյի ամուսնու հորեղբոր կինն է, նշել է որ, մտել է տուն,  ձայն է տվել, ոչ ոք չի պատասխանել, մտել է լոգարան, հանկարծ այնտեղ տեսել է կախված Մարոյին, նրան մի ձեռքով գրկել է, մյուսով խոհանոցից վերցրած դանակով կտրել  է պարանը և իջեցրել: Հիշեցնեմ, որ փորձարարությունից առաջ երեք տղամարդ այդ խրտվիլակին գրկել էին, որ կախեն: Մահացածի մարմինն ավելի ծանր է լինում: Անբացատրելի է՝ ո՞նց կարող էր միջին հասակի ու կառուցվածքի կինը նման քաշը պահել, ընդ որում՝ չգցել հատակին, ու Մարոն ոչ մի վնասվածք չստանար: Խալաթի գոտու լայնքը 4 սմ էր, իսկ Մարոյի վզի ակոսը՝ ընդամենը 2 սմ է եղել: Եթե ենթադրենք, որ կտորի ձգվելու հաշվին է նեղացել, ապա ավել խորը վերք պետք է առաջանար, ինչն իրականում տեղի չի ունեցել, անգամ կախված լինելու նշույլ չի եղել», – ասել է Մինասյանը:

Վերջինս խոսել է նաև վկաների հակասական, տարաբնույթ ցուցմունքների մասին՝ չեն հիշում դեպքի ժամը, ինչին վարույթն իրականացնող մարմինը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում:

Փաստաբանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի համեմատել վկաների ցուցմունքները, որովհետև երբևիցէ առերեսում չի կատարվել՝  նրանց ցուցմունքներում էական հակասությունները ճշտելու համար:

«Այս մի գործի համար չափազանց շատ են հակասությունները, պատահականությունները, և դա չի ուզում նկատել վարույթն իրականացնող մարմինը: Նշեմ, որ փորձարարության օրը խուլիգանական վարքագծով հանդես եկավ  Մարոյի ամուսնու հորեղբայրը, ով տարատեսակ հայհոյանքներ  տվեց մի շարք ոստիկանների ներկայությամբ, որոնք ոչ մի գործողություն չձեռնարկեցին: Հորեղբայրը հանդիսանում է Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի վարորդը, և ընդհանրապես, Գուլոյանները  քաղաքապետի ազգականներն են, ինչը հատուկ չեն շեշտում: Ուզում եմ ճշտել՝ կա արդյո՞ք մեկը, ում ոստիկանները հրավիրեն ցուցմունք տալու և 2-3 շաբաթ հետևեն այդ մարդու զբաղվածության գրաֆիկին ու ասեն՝«ոչինչ, եթե հարմար չէ մի արի, ոչինչ, եթե գործեր ունես, մյուս օրը կգաս»: Չափազանց շատ են հակասական  հանգամանքները ու նաև սպառնալիքները՝ մասնավորապես հորեղբոր կողմից. եթե ինչ-որ մեկը բողոք ներկայացնի՝ ինքը իր գործողությունների համար պատասխանատու չէ ու այդ ամենից հետո գործը կարճել, ուղղակի աբսուրդ է», -ընդգծել է իրավաբանը:

Այս հանգամանքների  մասին տուժող կողմը պաշտոնապես տեղեկացրել է ինչպես Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը, սակայն գործի քննությունը Կոտայքի մարզից Երևան տեղափոխելու պահանջին մեկ շաբաթ անց հաջորդել է քրեական գործի կարճման մասին որոշումը:

«Շուրջ 10 ամիս տևած և տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբանի անընդմեջ ջանքերի շնորհիվ կասկածելի հանգամանքների մատնանշմամբ համալրված նախաքննության ավարտը իսկապես հաղթանակ է Աբովյանի քաղաքապետի ազգականներ Գուլոյանների համար, քանզի քրեական գործը լի է ակնհայտ հակասություններովև անաչառ քննության իրականացման պարագայում գործով իրական եղելությունը անկասկած կբացահայտվեր: Տուժող կողմը անօրինականություններ չի հանդուրժելու. Մարո Գուլոյանի գործով ճամարտության պայքարը շարունակվելու է անհերքելի փաստերի լեզվով», – եզրափակել է Մինասյանը: