Home / Հայաստան / «Բրազիլական սերիալի սցենար». Հայրիկյանի մահափորձի գործի մասին

«Բրազիլական սերիալի սցենար». Հայրիկյանի մահափորձի գործի մասին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի 6 հատորանոց գործում Վարդան Սեդրակյանի (լուսանկարում) դեմ մեղադրանք առաջադրելու համար որևէ հիմք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ նշելով, որ վաղը գործով առաջին դատական նիստին թախանձագին խնդրելու է դատախազին այդ հիմքերը ցույց տալ:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին: Հանցափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել էին Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, ովքեր ընդունել էին իրենց մեղքը: Հետագայում մահափորձը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել էր Վարդան Սեդրակյանը, ով, իր խոսքով,  նախընտրական շրջանում Պողոսյանին ու Հարությունյանին է պատվիրել իր քարոզչանյութերը բաժանելը: Մահափորձը կատարելու պահին թե՛ Հայրիկյանը, թե՛ Սեդրակյանը ՀՀ նախագահի թեկնածու էին:

Սիրունյանն ասել է, որ փաստերի բացակայությունը վկայում է, որ «что-то тут не так» (ինչ-որ բան այն չէ): Լրագրողների հարցին, թե արդյոք Սիրունյանը նկատի ունի, որ «Սեդրակյանի գլխին գործ են սարքում», փաստաբանը պատասխանել է, թե ինքը ավելի մեղմ կասի՝ սա սխալմունք է: Ըստ Սիրունյանի՝ իր պաշտպանյալը 1%-ից ոչ ավել ձայն ստանալու պոտենցիալ ուներ, ուստի իրենից վտանգ չէր ներկայացնում իշխանությունների համար և նրա գլխին գործ սարքելու կարիք չկար:

Ըստ փաստաբանի՝ գործը պետության շահերից չի բխում այն պատճառով, որ այն Եվրոպական դատարան հասնելու դեպքում, բեկանվելու է 1 տարի հետո, քանի որ գործը  «բրազիլական սերիալի սցենար է հիշեցնում»:

Սեդրակյանի փաստաբանը կարծիք է հայտնել, որ «նույնիսկ մեղադրյալներ Խաչիկ Պողոսյանը, ով իբր կրակել է Հայրիկյանի վրա, և Սամվել Հարությունյանը, ով մեղադրվում է հանցագործությունը կազմակերպելու մեջ, իրականում կապ չունեն դեպքի հետ»: Դրա մասին է վկայում այն, թե ինչպես են նրանց ներգրավել որպես մեղադրյալներ:

«Գյումրիի հավ գողացողին մեկ շաբաթ անց են ցույց տալիս հեռուստացույցով, իսկ նման կարևոր գործով ձերբակալվածների Խաչիկի և Սամվել նկարները հաջորդ օրը բոլոր ալիքներով պտտվում էին, մինչդեռ նրանց պետք է մեկուսացնեին և ճանաչում անցկացնեին», – ասել է փաստաբանը:

Սիրունյանը հիշեցրել է, որ ոչ միայն Հայրիկյանը, այլև մեկ այլ վկա ևս, ասել է, որ կրակողը եղել է բարձրահասակ, եվրոպական արտաքինով մեկը, ինչին Պողոսյանի տեսքը չի համապատասխանում:

Քննության թույլ տված թերություններից է նաև այն, որ Պողոսյանի դեպքում ոչ կրակելու քննչական փորձաքննություն է կատարվել, ոչ հոգեբուժական փորձաքննություն:

Կասկած է հարուցում նաև այն, որ թեև հետախուզություն է անցկացվել Պողոսյանի տանը, ոչ մի զենք չի հայտնաբերվել, և միայն դրանից հետո նրա կինը զենքը և փամփուշտները ներկայացրել է նախաքննական մարմնին:

Հիշեցնենք, որ Սեդրակյանի դեմ ցուցմունք էր տվել ձերբակալված Խաչիկ Պողոսյանը, ով ասել էր, թե Սեդրակյանը պատվիրել է, որպեսզի Հայրիկյանին վախեցնեն: