Home / Հայաստան / Ղարաբաղյան պատերազմը կարող էր մեկ տարի շուտ ավարտվել

Ղարաբաղյան պատերազմը կարող էր մեկ տարի շուտ ավարտվել

1994 թվականի մայիսի 12-ին հնարավոր եղավ կասեցնել ղարաբաղյան հակամարտության ընթացքում գրանցված զանգվածային արյունահեղությունը:  Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր եղավ զինադադարի մասին համաձայնագիր ստորագրել, այն էլ՝ անժամկետ: Անցավ 19 տարի, բայց բանակցային գործընթացում իրական տեղաշարժ չի նկատվում: Ավելին՝ չնայած բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել և ընդունվել, դեռևս չի վերացել ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է Վլադիմիր Կազիմիրիովը, ով 1992-1996 թվականներին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

«Իրեն պարտված համարող երկրի իշխող էլիտան՝ ռևանշի մոլուցքից դրդված, տարածում է սպառազինությունների մրցավազքը, նոր սերնդին թունավորում է թշնամանքի և ատելության կեղտով: Միջազգային հանրությունը և միջնորդները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բացահայտ մերժում են հակամարտության ռազմական լուծումը և կողմերին համառորեն առաջարկում են փոխզիջման ուղիներ գտնել: Բանակցությունների փակուղին բացատրվում է ոչ թե միջնորդների սխալներով, այլ հակամարտող կողմերի ոչ իրատեսական պահանջներով: Շատ են խոսում ստատուս-քվոյի անընդունելիության մասին… Բայց պատերազմը ստատուս-քվոյից լավ չէ, նույնիսկ վատ է: Ժամանակն է, որ կողմերը, որոնք հակամարտության խաղաղ լուծումը վստահել են ԵԱՀԿ-ին, ուժ չգործածելու մասին համաձայնագիր կնքեն: Դա տրամաբանական է, իսկ Ադրբեջանի մերժումը լարված իրավիճակ է ստեղծում, որը վնասակար է խաղաղ բանակցությունների և երկողմ վստահության ամրապնդման համար:

Վերջին տարիներին Բաքուն հաճախ խոսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի մասին, բայց դրանցում իր համար միայն ամենաձեռնտուն է նշում՝ հայ-ղարաբաղյան զորքերի դուրսբերումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տարօրինակ հայտարարություններով հանդես եկավ: Ընդգծելով նման փաստաթղթերի իրագործման կարևորությունը՝ նա դժգոհեց, որ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը թղթի վրա են մնում:

Նա, հավանաբար, մտածում է, թե մոռացվել է, որ ինքն առաջինն է սկսել ձախողել այդ բանաձևերը: Ձգտելով ջախջախել հայերին՝ Բաքուն ոչ մի կերպ չէր ցանկանում կատարել նրանց առաջնահերթ, հիմնական պահանջը՝ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի իրականություն չէին կարող դառնալ մնացած պահանջները:

Ամեն ինչ սկսվեց առաջին իսկ բանաձևից՝ 822-րդ, որը 20 տարի առաջ ընդունվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ և իբր այդ երկրի կողմից հավանության արժանացել: Բայց երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան և Մինսկի կոնֆերանսի նախագահ Իտալիան կոչ արեցին հակամարտության երեք կողմերին ամբողջապես և անմիջապես կատարել բանաձևի պահանջները, Ստեփանակերտն ու Երևանը համաձայնություն տվեցին, իսկ Բաքուն անգամ չպատասխանեց, որպեսզի չդադարեցնի ռազմական գործողությունները:

Անորոշ վիճակը մեկ տարի տևեց, չնայած զոհեր եղան, տարածքներ կորսվեցին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս երեք բանաձև ընդունեց:

Ադրբեջանական կողմը խույս էր տալիս խաղարարարների առաջարկություններից, նախապայմաններ էր հորինում, շատ հազվադեպ էր համաձայնում ժամանակավորապես կանգնեցնել ռազմական գործողությունները: 4 անգամ խափանել է զինադադարը և այլ պայմանավորվածությունները:

1993-94թթ. ձմռանը, երբ արդեն բոլոր բանաձևերը կային, Բաքուն լայնածավալ ռազմական գործողություն էր իրագործում, որն ավարտվեց ամենամեծ կորուստներով: Եվ այդ պարագայում կարիք չկա ինքդ քեզ ներկայացնել որպես ՄԱԿ-ի բանաձևերի «ջատագով» և «օկուպացիայի զոհ»: Օկուպացիան՝ երկարաժամկետ և շարունակական ռազմական գործողությունների հետևանք է, իսկ ո՞վ է շարունակել այդ գործողությունները», – գրում է Կազիմիրովը:

Նա նշում է, որ Ադրբեջանը չի դադարում նաև իր թշնամական ակտերը (շրջափակում և այլն) և այդ գործողություններում ներքաշում է նաև Թուրքիային:

«Պաշտոնական Բաքուն վաղուց չի կատարում զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը, չնայած այդ փաստաթուղթը ստորագվել է Հեյդար Ալիևի ուղիղ ցուցումով:

Ուժային, այսպես կոչված, «կացնային» քաղաքականության պաշտամունքը մինչ օրս էլ Ադրբեջանում չի սպառվել (դրա խորհրդանիշը դարձավ Սաֆարովը, սակայն խնդիրն ավելի բարդ է ու խորը): Պաշտոնական ատելությունը, սպառնալիքները, ոչ ճկունությունը. դրանք Բաքվի քաղաքականության ոչ բոլոր բացասական հատկանիշներն են՝ էլիտայի նյութական ռեսուրսների և քաղաքի շքեղության հակադրության մեջ: Արդյոք հասարակությունն իր ներկայիս վիճակում անգամ կարևոր ընտրությունների նախաշեմին կարո՞ղ է գիտակցել նման ագրեսիվ քաղաքականության ռիսկերը:

Այս օրերին Ադրբեջանում ավելի ճոխ նշեցին Հեյդար Ալիևի 90-ամյակը, քան Հաղթանակի օրը: Տարբեր բառեր շռայլելով «համազգային առաջնորդի» հասցեին՝ ոչ ոք չասաց, որ նա ղարաբաղյան հակամարտությանը չէր մոտենում արմատական դիրքերից՝ ցանկանալով այն լուծել «բացառապես խաղաղ ճանապարհով»: Ադրբեջանի նախկին և ներկա իշխանությունների մոտեցումները ակնհայտորեն տարբեր են: Անհրաժեշտ է հակամարտությունն ամբողջությամբ տեղափոխել քաղաքական դաշտ՝ այն հեռացնելով ռազմական դաշտից: Միայն նոր պատերազմի ստվերի վերացումը արգելակումներից կազատի Ղարաբաղի շուրջ բանակցությունները», – գրել է Կազիմիրովը:

Լուսանկարը՝ 1in.am