Home / Հայաստան / «Բանակը պետք է «մարտի 1»-երի և ընտրությունների համար». ազատամարտիկների ակցիայի մասին

«Բանակը պետք է «մարտի 1»-երի և ընտրությունների համար». ազատամարտիկների ակցիայի մասին

Պատերազմ սկսելու դեպքում Հայաստանի պաշտպանական համակարգի կառավարումը կկազմալուծվի, ու սա շատ լուրջ վտանգ է: Մի մասը ուղղակի կփախչի, մեծ մասն իր անկարողության պատճառով ոչ մի բան չի կարողանա անել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով բանակի խնդիրների մասին, ասել է պահեստազորի գնդապետ, մասնագիտությամբ իրավաբան Վարուժան Ավետիսյանը (լուսանկարում):

«Նկատի ունեցեք, որ  պաշտպանական և ամբողջ կառավարման համակարգի վերին օղակը ռազմավարական մակարդակի գիտելիքներ և ունակություններ չունի: Նրանք չեն պատրաստվել պետություն կամ բանակ կառավարելու համար. պետական ադմինիստրացիայի դրածոներ են՝ ինչպես բանակում, այնպես էլ ամբողջ պետական  համակարգում: Բանակը, ըստ էության, կառավարող վարչախմբին պետք է իր ազդեցությամբ ինչպես ընտրությունների ժամանակ այդ զանգվածին կախման մեջ գործադրելու և որպես կրակող զանգված պահելու համար, այնպես էլ 2008 թվականի մարտի 1-ի տարբերակով ճնշումներ գործադրելու նպատակով», – նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ, ի պատիվ բանակի, այն մարտի 1-ի դեպքերին անմիջական մասնակցություն չունեցավ, չնայած բանակի ներկայաությունը ծանր հոգեբանական ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա:

Որպես դրական գործոն Ավետիսյանը նշել է մի քանի օր շարունակվող ազատամարտիկների ակցիան և ժողովրդի կենսունակությունը, ինչը վկայում է «առողջության մեծ ռեսուրսի մասին»:

«Հարվածի (պատերազմը սկսելուց հետո – Epress.am) առաջին ալիքից հետո ինքնակազմակերպում տեղի կունենա ու ավելի ցածր օղակներում մարդիկ առաջ կգան ու վիճակը կփոխվի», – նշել է Ավետիսյանը:

Նա կարծիք է հայտնել, որ ազատամարտիկների  պահանջները չեն բավարարվելու և հարցին արմատական լուծում չի տրվելու:

«Շատ թերահավատ եմ, կարծում եմ՝ որոշակի  լուծումներ կլինեն: Կառավարող վերնախավը ոչ միայն չի սիրում իր զինվորներին, այլ նաև ատում է, իսկ քանի որ մեր իշխանական համակարգը մակաբուծական-սպառողական է, նրա համար ազատամարտիկը արժեք չունի, այլ ուղղակի, վախենալով հասարակական հնչեղությունից ու այսօր Հայաստանում ձևավորվող ազգային ազատագրական պայքարի գետի հունի մեջ մի վտակի ավելացումից, իշխող վարչախումբը պարզապես կարող է իրեն հայտնի ու հասու մեթոդներով ցրել այդ մարդկանց, համոզել, խոստումներ տալ, փոքր-ինչ բարելավել նրանց վիճակը», – ասել է բանախոսը:

Ավետիսյանի պնդմամբ՝ արդյունքը  մասնակի է լինելու, բայց միևնույն է՝ հարցի վերջնական լուծում չի լինի:

«Մեր արժանապատվության կենդանի կրողները այդպես էլ մնում են անտեսված, ու հասկանալի է, որ ազգը դրան համարժեք պատասխան կտա, ու առաջին շարքերում կլինեն ազատամարտիկները», – եզրափակել է գնդապետը: