Home / Հայաստան / Ծառուկյանի մտքերը հանել են համատեքստից, պնդում է ԲՀԿ-ական պատգամավորը

Ծառուկյանի մտքերը հանել են համատեքստից, պնդում է ԲՀԿ-ական պատգամավորը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշ մտքեր հանվում են համատեքստից, և փորձ է արվում դրանց հիման վրա կառուցել գոյություն չունեցող քաղաքական սցենարներ: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հայտնում է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Երկրորդ` անթաքույց է խիստ կոնկրետ շրջանակների հորթային պրիմիտիվ հրճվանքը` իրենց կանխատեսմամբ` ԲՀԿ-ի թուլացման, կամ մարգինալացման վերաբերյալ: Միանգամից ասեմ` թիթեռի կյանք ունեցող հրճվանք և իրականության հետ կապ չունեցող կանխատեսումներ են, և պատրաստ եմ, որպես խմբակցության քարտուղար, կետ առ կետ տալ հստակ պարզաբանումներ», – ասել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ «ընդդիմություն» եզրույթը հստակեցման կարիք ունի:

«Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը իր «ընդդիմադիր» գործունեությունը համաձայնեցնում է իշխանության հետ, այո՛ մենք չենք լինելու ընդդիմություն, որի «ընդդիմադիր» ճառերը գրվում են հայտնի շենքերում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ` կախված իշխանական տարբեր հոսանքներից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը ժողովրդին մի բան է ասում, բայց իշխանական կուլիսներում շրջելուց հետո` տրամագծորեն հակառակ քայլեր անում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ: Մենք չենք պատրաստվում լինել նաև Դավիթ շահնազարյանների, Արամ սարգսյանների, մակեյանների, գիմիշյանների և նմանների պես ընդդիմություն: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որի առավելագույն պոտնցիալը մեկ տասնյականոց հանրահավաքն ու դրան ոչ համարժեք բոցաշունչ ճառերն են: Մենք չենք պատրաստվում նաև լինել ընդդիմություն, որին մեկ մեդալով, մեկ գովասանագրով, կամ մեկ պաշտոնով սարքում են մոլի իշխանամետ: Վառ օրինակը` սպորտի ներկայիս նախարարը 10 տարի շարունակ, Լոս Անջելեսում զբաղված էր Հայաստանի հանրապետությունը փնովելով և վարկաբեկելով, այրում էին նկարներ, դրոշներ, այնուհետ` մոլի ընդդիմադիրից մեկ օրում դառնում մոլի իշխանամետ: Այո, նման ընդդիմություն մենք չենք եղել ու հաստատապես չենք լինելու:

Հարցին՝ ո՞րն ԲՀԿ-ի ներկայիս քաղաքական կարգավիճակը, Զոհրաբյանը պատասխանել է, որ ԲՀԿ-ն ունի ծրագրային և գաղափարական խորը տարաձայնություններ ներկայիս կառավարության տարվող քաղաքականության հետ, և հենց ա՛յդ պատճառով հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի: