Home / Հայաստան / «Ամբոխահաճո նախաձեռնություններով չենք զբաղվել». Տիգրան Սարգսյանը՝ ԱԺ-ում

«Ամբոխահաճո նախաձեռնություններով չենք զբաղվել». Տիգրան Սարգսյանը՝ ԱԺ-ում

Հայաստանում ավարտված բավական երկար ընտրական շրջանի ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է ոչ միայն հնարավորին չափ հեռու պահել տնտեսական գործընթացները ընթացող քաղաքական բանավեճի հավանական բացասական ազդեցությունից, այլև առաջընթաց գրանցել թե՛ տնտեսական զարգացման, թե՛ քաղաքական բանավեճի կատարելագործման ուղղություններով: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության ծրագիրը՝ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ իր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում՝ ոչ հեռու անցյալում գործընկերները, իրենց վերագրում են բազմաթիվ մեղքեր՝ պիտակավորելով ներկայացված ծրագրերը:

«Հարկ չեմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքներին, սակայն ակնհայտ է, որ մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով:

Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիզմով լի: Սակայն համաձայնեք, որ մենք եղել ենք բաց, ինքներս ենք բացահայտել խնդիրները, չենք խուսափել հրապարակային խոսել մեր բացթողումների և թերությունների մասին և այսօր հստակ և առավել լավ ենք պատկերացնում այն իրականությունը, որում ապրում ենք: Իրականություն, որի բացասական դրսևորումների հետ, սակայն, չենք հաշտվում և չենք հաշտվելու», – վստահեցրել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներկայացված ծրագիրը մշակելիս կառավարության անդամներն այցելել են բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը:

«Մասնավորապես, ի՞նչ էր ակնկալում պետությունից Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը: Առաջին հերթին, ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա: Մի խոսքով՝ պայմաններ ընտանիք ստեղծելու և հայրենիքում արժանապատիվ ապրելու համար:

Ի՞նչ է նախատեսում անել պետությունը Արմենի և նրան նման հազարավոր երիտասարդների համար:

– կրթության բարեփոխումների շրջանակում ապահովվելու է ձեռնարկությունների և կրթական հաստատությունների ուղղակի կապը, որը հնարավորություն կընձեռի պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ,

– իրականացնում է և շարունակելու է իրականացվել «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագիրը,

Անցյալ տարի էլ մեկնարկեց «Մատչելի ավտոմեքենա երիտասարդներին» ծրագիրը:

Ի՞նչ էր ակնկալում պետությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը:

Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակած և Խնայբանկում ներդրած ավանդի վերադարձ:

Ի՞նչ է նախատեսվում անել թոշակառուների համար՝

– կենսաթոշակների ավելացում,
– յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաև անվճար ծառայությունների տեսականու ավելացում,
– ԽՍՀՄ խնայբանկերում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման ծրագրերի շարունակականություն:

Հարգելի գործընկերներ

Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի պետությունից յուրաքանչյուր քաղաքացու ակնկալիքները դարձնենք իրականություն:

Առաջիկայում ապահովելու ենք՝

– բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով,
– կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը,
–  աշխատավարձերի համակարգված բարձրացում,
– կրթության որակի և հասանելիության ապահովում` որպես առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց,
– հասանելիություն և որակի բարձրացում առողջապահության ոլորտում,
– պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում՝ անհրաժեշտության դեպքում ոչ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելով բանիմաց, զարգացմանը միտված ծրագրեր ունեցող գործարարով, յուրաքանչյուր ձեռնարկությանը, կարիքներին համապատասխան առարկայական, նպատակային աջակցություն,
– փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն,
– ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ», – հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կարևորագույն փոփոխությունը, որ պետք է իրականացվի, մտածելակերպի փոփոխությունն է, վարքագծային կանոնների փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր:

«Այս ծրագիրը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք: Երբեմն ոչ ամբոխահաճո, երբեմն ցավագին որոշումներով, հաճախ՝ միանգամից ոչ տեսանելի արդյունքներով: Սա փոփոխությունների ծրագիր է, որն իրականացնողները պատրաստ են կրել դրա իրականացման պատասխանատվությունն ու առանձին փուլերի՝ ենթադրյալ բացասական արձագանքի ու քննադատության բեռը», – ասել է գործադիրի ղեկավարը: