Home / Հայաստան / Փաշինյանն ասել է՝ կառավարության ծրագրի որ կետի հետ կարելի է համաձայնել

Փաշինյանն ասել է՝ կառավարության ծրագրի որ կետի հետ կարելի է համաձայնել

Կառավարության ծրագրի մեջ գրված մեկ նախադասության հետ հնարավոր չէ չհամաձայնել. դա այն է, որ կառավարությունը նպաստելու է Սփյուռքի դինամիկ զարգացմանը:

Այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ օտար լեզու են սովորում: Դա ոչ թե կրթության որակի բարձրացնելու արդյունք է, այլ սովորում են, որպեսզի հեռանան Հայաստանից: Ընդ որում՝ սովորում են երիտասարդները՝ 18-30 տարեկան մարդիկ: Սա լավագույն գնահատականն է այն բանի, թե ՀՀ քաղաքացիներն ինչ հույսեր են կապում ձեր կառավարության հետ»,- ասել է Փաշինյանը:

Պատգամավորը հիշեցրել է պաշտոնյաններից մեկի այն դիտարկումը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապված են և նա չի կարող պայքարել օլիգարխիայի դեմ: Փաշինյանը նկատել է, որ Սարգսյանի պայքարելը օլիգարխիայի դեմ կնշանակեր աշխատողի պայքարը իր գործատուի դեմ, քանի որ կառավարության գործատուն «քրեաօլիգարխիկ համակարգն է, թաղային խուժանը».

«Նայում ես կառավարության կազմին, ո՞վ է նրանցից վստահության քվե ստացել՝ Հասմիկ Պողոսյանի՞ն, Վաչե Գաբրիելյանի՞ն: Որևէ անձնական վերաբերմունք չունեմ: Վաչե Գաբիելյանը, գուցե, լավ մարդկային արժեքներ ունի, բայց նա չէ վստահության քվե ստացել: Վստահության քվե ստացել է թաղային խուժանը, նրանք են իրական իշխանության կրողը: Փաստն այն է, որ այս կառավարությունը որոշում կայացնող կառավարություն չէ»,- ասել է Փաշինյանը:

Պատգամավորը հավելել է, որ նախարարություններում և կառավարությունում որոշումները չեն քննարկվում, չի լինում կարծիքների բախում, 30-40 վայրկյանում է որոշվում պետական գույքի սեփականաշնորհումը: Փաշինյանը հիշեցրել է օրինակ ԱԳՆ-ի շենքի վաճառքը: